Ռուսաստանը չի զարմանա, եթե պարզվի, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանին իսկապես պարտադրվել են ռուսական ռազմաբազան եւ սահմանապահներին արեւմտյան մասնագետներով փոխարինելու ծրագրեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Հայաստանը ԱՄՆ-ի եւ Եվրամիության հետ ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման ժամանակ ռազմաքաղաքական նշանակության համաձայնություններ է ձեռք բերել, Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Երեւանից այս տեղեկությունների հստակ մերժում է անկնկալում։
«Ավելի վաղ Երեւանը հրապարակավ վստահեցնում էր, որ արեւմտյան երկրների հետ համագործակցության զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Հաշվի առնելով այս գործոնների համադրությունը, մենք ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների հստակ արձագանքը հայտնված տեղեկատվությանը։ Իսկ իդեալում սպասում ենք դրա հերքմանը»,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։