Թեհրանը կվերանայի իր միջուկային դոկտրինը, եթե Իսրայելը շարունակի սպառնալ միջուկային օբյեկտների հարվածներով: Այսպիսի հայտարարություն է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջուկային պաշտպանության եւ անվտանգության ստորաբաժանման հրամանատար Ահմադ Հաքթալաբը։
«Եթե կեղծ Սիոնիստական ռեժիմը (Իսրայելը-խմբ․) միջուկային օբյեկտների վրա հարձակման սպառնալիքներով փորձի ճնշում գործադրել մեզ վրա, ապա հավանական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային դոկտրինն ու քաղաքականությունը վերանայվեն, եւ երկիրը դադարի այլեւս հավատարիմ մնալ անցյալի երաշխիքներին»,-ասել է Հաքթալաբը։
Ապրիլի 14-ին Իսրայելի դեմ ԱԹՍ-ների եւ հրթիռների կիրառմամբ Իրանը հարձակում իրականացրեց՝ դա ներկայացնելով որպես ապրիլի 1-ին Դամասկոսում իրանական հյուպատոսության հրթիռակոծման պատասխան գործողություն։ Հարձակման ավարտից հետո Թեհրանը հայտարարեց, որ մտադիր չէ այլեւս շարունակել Իսրայելի տարածքի հրթիռակոծումը։
Արեւմտյան դաշնակիցները Իսրայելին փորձում են հետ պահել Իրանի դեմ պատասխան հարձակումներից՝ տարածաշրջանային լայնածավալ հակամարտությունից խուսափելու համար։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ապրիլի 17-ին Գերմանիայի եւ Միացիալ Թագավորության արտգործնախարարենրի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ «Իսրայելը իրավունք ունի պաշտպանվելու»։