Հետեւելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին եւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւին, «Օտարերկրյա գործակալների մասին» վրացական օրենքը պաշտպանել է նաեւ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վրաստանում կրքերը բորբոքվել են»,- գրել է Վոլոդինը իր տելեգրամյան ալիքում։ Քաղաքական գործիչը գրառման մեջ կրկնել է «Վրացական երազանքի» փաստարկները, որոնք նախկինում կիրառել են նաեւ ռուսական իշխանությունները սեփական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննադատողներին որպես հակափաստարկ ներկայացնելիս։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատմությունը սկսվել է 1938 թվականին ԱՄՆ-ում։ Պետք է ասել, որ դրա չափանիշներն դեռ մնում են աշխարհում ամենախիստը։ Նրանք թույլ են տալիս որոշումներ կայացնել, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը։ Դրանք խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությանը եւ տեղեկատվության տարածմանը։ Պահանջների խախտման համար քրեական պատասխանատվություն է սահմանվում մինչեւ հինգ տարի ժամկետով։ Այսօր, բացի ԱՄՆ-ից, օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությունն այս կամ այն ձեւով, բայց ավելի ազատական, քան ամերիկյանը, գործում է Բրիտանիայում, Իսրայելում, Ավստրալիայում եւ այլ երկրներում: Ռուսաստանում, ի դեպ, օրենքն ընդունվել է 2012 թվականին»,-գրել է Վոլոդինը։
Նա նշում է, որ այժմ արտաքին ազդեցությունը սահմանափակելու օրենսդրական նախաձեռնությունները «դիտարկվում են ոչ միայն Վրաստանում, այլ նաեւ Ֆրանսիայում»։ Այստեղ Վոլոդինը, հավանաբար ինկատի է ունեցել Թբիլիսում Ֆրանսիայի դեսպան Շերազ Գասրիի հայտարարությունը, ով ապրիլի 16-ին նշել էր, որ որոշ նման օրինագծեր քննվում են նաեւ ֆրանսիական խորհրդարանում, սակայն վրացականը ի տարբերություն դրանց չի համապատասխանում ԵՄ արժեքներին։
«Միայն Փարիզում, ի տարբերություն Թբիլիսիի, չկան փողոցային բողոքի ցույցեր, բացականչություններ ԱՄՆ-ից ու ԵՄ-ից»,-գրել է ՌԴ Պետդումայի խոսնակը։
Ըստ Վոլոդինի՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ հիստերիան միայն դա կարող է նշանակել, որ Վաշինգտոնը եւ Բրյուսելը որոշում ունեն տապալելու վրացական ներկայիս կառավարությունը, եւ դրա համար արդեն գումար են հատկացրել, իսկ օրենքի ընդունումը կարող է խաթարել այդ ծրագրերը»: