Միացյալ Նահանգները, իր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին, պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ՝ նախորդ շաբաթվա վերջին Իսրայելի վրա հարձակման պատճառով: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գրավոր հայտարարության տեքստում։
«Դեռ մեկ շաբաթ էլ չի անցել, ինչ Իրանը իրականացրել է աշխարհի ամենամեծ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումները Իսրայելի վրա: Դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին ԱՄՆ-ն պաշտպանեց Իսրայելին։ Մենք օգնեցինք հետ մղել այս հարձակումը։ Եվ այսօր մենք պատասխանատվության ենք ենթարկում Իրանին՝ նոր պատժամիջոցներ եւ արտահանման հսկողություն սահմանելով նրա դեմ»,-ասվում է հայտարարության տեքստում։
Դրանում նաեւ ընդգծվում է, որ Վաշինգտոնի դաշնակիցներն ու գործընկերները կներկայացնեն լրացուցիչ պատժամիջոցների եւ այլ միջոցների ծրագրերը, որոնք ուղղված կլինեն «Իրանի ապակայունացնող ռազմական ծրագրերը սահմանափակելուն»։