Ալիք Մեդիան հատվածաբար ներկայացնում է միջազգային հանրային օրենքների մասնագետ, ֆրանսահայ փաստաբան Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի «Ֆրանսիան իրեն ներկայացնում է որպես Հայաստանի փրկիչ, արդյո՞ք դա այդպես է» հոդվածը, որը հրապարակվել է ամերիկահայկական The Armenian Mirror Spectator պարբերականում։
Եվրախորհրդարանի մարտի 13-ին ընդունված բանաձեւը հակառուսական սադրանք է։ Այն արտահայտում է որոշ բարի ցանկություններ, սակայն Հայաստանին պաշտպանելու ամուր երաշխիքներ չի պարունակում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունում է, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից եւ կարծում է, որ «Եվրամիությունը պետք է պատրաստ լինի արագ օգնություն ցուցաբերել Հայաստանին բացասական հետեւանքները մեղմելու համար»։
Եվրոպական ասամբլեան ընդունում է անվտանգության եւ պաշտպանության ոլորտում Եվրամիության ու Հայաստանի միջեւ համագործակցության ամրապնդման հրատապ անհրաժեշտությունը, քանի որ Հայաստանը վերանայում է իր անդամակցությունը Ռուսաստանի ղեկավարած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) եւ գտնում է, որ ԵՄ-ն «պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի կամ միավորի նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը»։
Այս բանաձեւն առաջին հայացքից հակառուսական է թվում, իսկ արտահայտված ցանկությունները՝ գնում են հեռուն։ Երբ Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու գաղափարը, եթե այդպիսի կազմավորում գոյություն ունի եւ կշարունակի գոյություն ունենալ քաղաքականապես, մի գեղեցիկ օր ցանկալի համարվի, ապա Հայաստանն անմիջական վտանգի դեպքում չպետք է ինքն իրեն մոլորեցնի եվրոպական սպասվող օգնությամբ։
Բավական է նայել ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմին արձագանքի ժամանակագրությանը։ Հայաստանն իր թշնամուն չի կարող երկու տարի շարունակ հակահարված տալ։
Հայկական լրատվամիջոցները մարտին պնդում էին, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը խոստացել է Հայաստանին ռազմական պաշտպանություն տալ։ Եթե ստուգվի (սկզբնական աղբյուրը ռուսական լրատվամիջոցն է RT), ապա նկատելի կլինի, որ հաղորդակցությունը երկիմաստ է, բացառությամբ մեկ կետի, որտեղ ասվում է․ «Նա խրախուսում է Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից՝ դրա դիմաց անվտանգության կոնկրետ երաշխիքներ չառաջարկելով»։
Հակառուսական նպատակը հստակ արտահայտված է, իսկ ի՞նչ կարելի է ասել Ադրբեջանի սպառնալիքների մասին։ Ի՞նչ կաներ նման դեպքում «նենգ Ալբիոնը»։ Հարկ է հիշել, որ ավելի քան 30 տարի Մեծ Բրիտանիան հսկայական ներդրումներ է արել Ադրբեջանի հանածո վառելիքի տնտեսության մեջ։
Վերջերս բրիտանացիները, ինչպես եւ ռուսները, խափանեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի փորձերը, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունի Ղարաբաղի շրջափակումը դատապարտող բանաձեւ, ինչպես նաեւ Ղարաբաղի էթնիկ զտումները դատապարտող եւ հայ բնակչության վերադարձի իրավունքը պահանջող եւս մեկ մտադրություն։
Մեծ Բրիտանիան Ռուսաստանի ամենահին, ագրեսիվ եւ ամենախոհեմ թշնամին է։ Ուկրաինայում ռուսական հարձակման առաջին իսկ օրերից ողջ գործն այն իր ձեռքում է կենտրոնացրել։ Հարավային Կովկասում Ռուսաստանին թուլացնելու եւս մեկ ճակատ է գտել։ Ստացվում է, որ տնտեսական շահերի պաշտպանությունը համատեղելի է նրա աշխարհաքաղաքական խաղի հետ։ Այս խաղում առանց վարանման կզոհաբերվի Հայաստանը։
Անսպասելիորեն, այս հարցում ամենահստակ եւ, հետեւաբար, ամենաբարիացակամ դիսկուրսը եկավ Միացյալ Նահանգներից: Rand Corporation-ը (ԱՄՆ կառավարության քաղաքական եւ տնտեսական որոշումները ղեկավարող վերլուծական կենտրոններից մեկը, որը ֆինանսավորվում է վերջինիս կողմից) հրապարակել է վերլուծություն Հայաստանում անվտանգության իրավիճակի եւ այն մասին, թե արդյո՞ք ԱՄՆ կառավարությունը կարող է օգնել այդ իրավիճակում:
«Միացյալ Նահանգները, չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը, բայց կարող է աջակցել» վերնագիրը Հայաստանի կառավարությանը պետք է մտորելու տեղիք տա։ Նրանք գտնում են, որ Միացյալ Նահանգները կարող է օգնել ուժեղացնել Հայաստանի զսպման կարողությունները, սակայն նշում են միայն կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը, ինչպիսիք են MANPADS-ը, ինչպես նաեւ Trophy համակարգերը, որոնք նախատեսված են զրահատեխնիկայի պաշտպանությունն ուժեղացնելու համար։
Մատակարարումները կարող են ներառել նաեւ ԱԹՍ-ների դեմ գործող համակարգեր: Այնուամենայնիվ, վերլուծաբանները էլիպտիկորեն Հայաստանին խորհուրդ են տալիս չխզել Ռուսաստանի հետ հարաբերությունները․ «Սակայն, հաշվի առնելով մոտ ապագայում ներխուժման հավանականությունը, անհրաժեշտ է հստակեցնել գործընկերության սահմանները։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ նրա դաշնակիցները չեն ցանկանում Հայաստանին անվտանգության երաշխիքներ առաջարկել, էլ չասած պաշտոնական ռազմական դաշինք՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, եթե Հայաստանը ստիպված լինի դիմել նման երաշխիքների:
Հայաստանը կարող է դրանք հաշվի առնել թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի նկատմամբ սեփական ռազմավարական հաշվարկներում»։ Նրանք ավելացնում են. «Եթե Հայաստանն ընդհանրապես դուրս գա [ՀԱՊԿ] դաշինքից կամ բացահայտորեն շարժվի դեպի Արեւմուտք, ապա պետք է լավ մտածի, հաշվի առնելով Ռուսաստանի բռնությամբ արձագանքելու վտանգները»:
Հայաստանի իշխանությունները այս կրիտիկական պահին կրում են պատմական պատասխանատվություն։ Այն պարտավոր է Հայաստանի ժողովրդին տեղեկացնել ներկայիս արեւմտամետ, բայց հակառուսական դիրքորոշումների հետ կապված բոլոր ռիսկերի մասին։
Երկու բլոկների միջեւ դրական չեզոքության դոկտրինը առավել քան երբեւէ ակտուալ է, հատկապես, որ ամերիկյան կիսակառավարական շրջանակաները Հայաստանին խորհուրդ են տալիս չխզել հարաբերությունները Մոսկվայի հետ։
Դրական չեզոքությունը սահմանադրական կամ գործառական չեզոքություն չէ, այլ պատեհ չեզոքություն: Որոշ եվրոպական երկրներ հրաժարվել են իրենց ֆունկցիոնալ չեզոքությունից Ուկրաինայի հակամարտության ժամանակ (Ֆինլանդիա եւ Շվեդիա)։ Հայաստանի համար դրական չեզոքությունը կայանում է նրանում, որ հեռու մնա մեծ տերությունների միջեւ հակասությունից եւ չվերածվի այնպիսի մի տարածքի, որտեղ այդ հակադրությունները վերափոխվում են պրոքսի պատերազմի, ինչպես Ուկրաինայում։
Դրական չեզոքությունը բավարար պաշտպանություն չի տալիս, բայց ներկա պայմաններում դա միակ դոկտրինն է, որը կարող է կանխել աղետը: Հայաստանում քաղաքական կուսակցությունների եւ վերլուծաբանների ճնշող մեծամասնությունը զգուշացնում է Հայաստանի կառավարությանը:
Զարմանալի է, որ իշխանությունն ամբողջությամբ տրվել է արեւմտյան այս խաղին, երբ իր «խաղաղության խաչմերուկ» նախագիծը հիմնված է հաղորդակցության երկու առանցքների վրա՝ արեւելք-արեւմուտք եւ հարավ-հյուսիս: Վերջինս անհնար է պատկերացնել առանց Ռուսաստանի եւ Իրանի մասնակցության։
Համառելով՝ Հայաստանի իշխանությունը դառնում է Մոսկվայի եւ Թեհրանի աչքի փուշը։ «Խաղաղության խաչմերուկը» կարող է արագորեն վերածվել «միջազգայնացված պատերազմի խաչմերուկի»։
Ի վերջո, դրական չեզոքությունը պահանջում է ավելի ուժեղ պաշտպանություն ունենալ: Սովորական զսպիչ զինատեսակների ձեռքբերումը պետք է առաջնահերթություն լինի Հայաստանի կառավարության համար։ Ֆրանսիայի եւ իր դաշնակիցների կողմից դրանց տրամադրումը, կասկածելի է։
Պատրաստեց Բորիս Ղազարյանը