ՄԱԿ Անվտանգության խորհրդում ապրիլի 18-ին ԱՄՆ-ն օգտագործել է իր վետոյի իրավունքը եւ արգելափակել Ալժիրի ներկայացրած բանաձեւը, որը վերաբերվում էր Պաղեստինին ՄԱԿ լիիրավ անդամ ճանաչելուն:
Անվտանգության խորհրդի 12 անդամներ կողմ են քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես կազմակերպության լիիրավ անդամ ընդունելու փաստաթղթին, այդ թվում՝ Ռուսաստանը եւ Չինաստանը։ Շվեցարիան եւ Մեծ Բրիտանիան ձեռնպահ են մնացել, իսկ ԱՄՆ-ն դեմ է արտահայտվել բանաձեւի նախագծին։
2024 թվականի ապրիլի 4-ին Մալթան բավարարեց Պաղեստինի խնդրանքը՝ վերաբացել ՄԱԿ-ին միանալու երկրի ավելի վաղ՝ 2011 թվականին ներկայացրած հայտի քննարկումը։ Պաղեստինի իշխանությունները իրենց հայտին կցել էին նաեր նամակներ, որոնցում ՄԱԿ-ին Պաղեստինի միացմանը աջակցում են մի խումբ արաբական պետություններ, Իսլամական համագործակցության կազմակերպությունը եւ Չմիավորման շարժումը։ Պաղեստինը ներկայումս ՄԱԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ ունի։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը արդեն իր երախտագիտությունն է հայնտել բանաձեւի նախագծի վրա վետո դնելու համար:
«Պաղեստին պետության ճանաչումը Հոլոքոստից հետո հրեաների ամենամեծ կոտորածից վեց ամիս անց, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սեռական եւ այլ բնույթի չարագործություններից հետո, պարգեւատրում կլիներ ահաբեկչության համար։ Ես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս խայտառակ առաջարկի վրա վետո դնելու համար» ,-X-ի էջում գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։
The proposal to recognize a Palestinian state, more than 6 months after the largest massacre of Jews since the Holocaust and after the sexual crimes and other atrocities committed by Hamas terrorists was a reward for terrorism.
I commend the United States for vetoing this…
— ישראל כ”ץ Israel Katz (@Israel_katz) April 18, 2024
Հաջորդիվ նա հավելել է, որ Իսրայելը շարունակելու է պայքարել մինչեւ ՀԱՄԱՍ-ի լիակատար ոչնչացմանը եւ Գազայում պատանդ պահվող 133 իսրայելացիների ազատ արձակումանը հասնելը։
ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանն էլ իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ Պաղեստինը չի կարելի համարել խաղաղասեր պետություն, եւ պնդել է, որ հենց Պաղեստինն է «վճարում է ահաբեկիչներին»։
ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրը քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը կանի ամեն ինչ, որպեսզի թույլ չտա ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծումը։
«Իսրայելը շարունակում է պահպանել օկուպացիան, սպանել, շրջափակել, վտարել մարդկանց, կառուցել բնակավայրեր։ Այս ամենը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ ՄԱԿ-ի բանաձեւերին։ Եվ այս ամենն ունի միայն մեկ նպատակ՝ ոչնչացնել ինքնիշխան Պաղեստին պետության, կենսունակ Պաղեստին պետության ցանկացած հույս։ Իսրայելը կարծում է, որ պաղեստինյան պետությունն իր գլխավոր ռազմավարական սպառնալիքն է եւ կանի ամեն ինչ՝ կանխելու Պաղեստին պետության ինքնիշխանությունը եւ ապահովելու, որ պաղեստինյան բնակչությունը քշվի իր հայրենիքից կամ մշտապես մնա օկուպացիայի տակ»,-ասել է դիվանագետը։