ԱՄՆ պետդեպարտամենտը ապատեղեկատվություն է որակել լրատվամիջոցներով շրջանառվող այն տեղեկություններն ու փաստաթղթի լուսանկարը, որոնց համաձայն իբր ապրիլի 5-ին ԱՄՆ — Եվրամիություն — Հայաստան եռակողմ հանդիպումից հետո ռազմաքաղաքական բնույթի պայմանավորվածություն է ձեռք բերվել։
Պետդեպարտամենտի դիրքորոշումը ներկայացվել է ի պատասխան ադրբեջանական Azertac պետական լրատվական գործակալության հարցման։
«Փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է, անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել մամուլի հաղորդագրության վրա, որը մենք ընդունել ենք ԵՄ-ի եւ Հայաստանի հետ համատեղ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով։ Բրյուսելյան հանդիպումը, որը տեղի է ունեցել Եվրամիության եւ Հայաստանի հետ համատեղ, կենտրոնացել է միայն Հայաստանի տնտեսական կայունության վրա, որը փորձում է դիվերսիֆիկացնել առեւտրային գործընկերությունը եւ բավարարել իր մարդասիրական կարիքները, այդ թվում՝ աջակցելով Հայաստանում ընթացող բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը», — ասվում է Azertac-ի կողմից ներկայացվող Պետդեպարտամենտի պատասխան տեքստում։
Նախօրեին շրջանառվող տեղեկությունները հերքել էր նաեւ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ կրկին ընդգծելով, որ եռակողմ հանդիպման արդյունքներով ներկայացրած մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է։
«Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել: Բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել եւ շարունակելու է մնալ այդպիսին»,-ասել էր Բադալյանը։