Մեր երկրում տարեցտարի ավելանում են վարձու աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր չկնքելու, այսինքն՝ որպես աշխատող, նրանց չգրանցելու արձանագրված դեպքերը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտի ընթացքում հսկողական աշխատանքների արդյունքներով 70 հարկ վճարողի մոտ գրանցվել են վարձու աշխատողի չձեւակերպման դեպքեր, իսկ տուգանքի չափն ընդհանուր առմամբ կազմել է 34 750 մլն դրամ:
Դեպքերն արձանագրվել են հետեւյալ ոլորտներում՝ շինարարություն, կացության կազմակերպում, հանրային սննդի պատրաստում եւ իրացում, հանդիսությունների սրահում տրամադրվող ծառայություններ, մթերային խանութներ, հեղուկ եւ կոշտ վառելիքի առեւուր, ավտոտեխսպասարկման եւ (կամ) ավտոլվացման ծառայություններ, հագուստի, կոշիկի եւ գործվածքների առեւտուր։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի փետրվարին վարձու աշխատողի չձեւակերպելու դեպքեր արձանագրվել են 77 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը կազմել է 45 750 մլն դրամ։ Իսկ հունվարինայս խախտումը գրանցվել է 92 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը՝ 39 750 մլն դրամ։
Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին 1163 հարկ վճարողի մոտ 1188 դեպքով հայտնաբերվել է 2200 չգրանցված աշխատող, 2022-ին՝ 1410 հարկ վճարողի մոտ 1441 դեպքով 2326 չգրանցված աշխատող։
Աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողի եւ գործատուի միջեւ աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:
ՀՀ հարկային օրենսգրքի 412-րդ հոդվածով յուրաքանչյուր չձեւակերպված վարձու աշխատողի համար գործատուից գանձվում է 250 000 դրամի չափով տուգանք:
Հայաստանում աշխատունակ բնակչության 11,6%-ը գործազուրկ է (2022 թվականի տվյալներով), ուստի շատերն աշխատանք գտնելիս հաճախ համաձայնում են լինել թեկուզ չգրացված, միայն թե աշխատանքը չկորցնեն։ Կոսմետոլոգ Գոհար Հովհաննիսյանը որոշ ժամանակ գեղեցկության սրահում է աշխատել առանց պայմանագիր կնքելու։
«Ինձ աշխատանք էր պետք, ես այլ ելք չունեի։ Իհարկե, հասկանում եմ, որ մի շարք արտոնություններից զրկվել եմ՝ պայմանագիր չկնքելով, բայց ես չէի կարող պահանջել, որ ինձ գրանցեին, քանի որ դժվարությամբ գտած այդ աշխատանքն էլ կկորցնեի։ Գործազուրկները շատ են, գործատուներն էլ նման իրավիճակներում օգտվում են առիթից»,- ասում է Գոհարը։
Հռիփսիմե Սարգսյանն էլ ավելի քան մեկ տարի տարբեր խանութներում է վաճառողուհի աշխատել առանց աշխատանքային պայմանագրի։
«Միգուցե նաեւ մենք ենք մեղավոր, որ գործատուներն այսպես են վարվում աշխատողների հետ։ Պարզապես վախենում ենք եղած աշխատանքն էլ կորցնելուց, չենք ուզում քաշքշուկի մեջ ընկնել, ժամանակ ծախսել, նյարդայնանալ, ուստի պատկան մարմիններին չենք դիմում։ Բայց դա սխալ է։ Ամենքս մեր կյանքում նման գործատուների հանդիպելիս պիտի քայլեր ձեռնարկենք, պիտի զանգահարենք ՊԵԿ ու ասենք, թե ինչպես են մեր իրավունքները խախտում»,- ասում է Հռիփսիմեն։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ գործատուն պարտավորվում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի աշխատավարձից եւ դրան հավասարեցված այլ վճարումներից հաշվարկել, պահել եւ պետական բյուջե փոխանցել եկամտային հարկ` 20 տոկոս եւ սոցիալական վճար 5 տոկոս: Թվարկվածներին գումարվում է նաեւ դրոշմանշային վճարը, որը հաշվարկվում է ըստ աշխատավարձի չափի։ Աշխատանքային պայմանագիր չկնքելով՝ գործատուն՝ որպես հարկային գործակալ, չի կատարում իր հարկային պարտավարությունները եւ աշխատողի իրավունքներն է ոտնահարում։
Աշխատողի հետ պայմանագիր չկնքելու դեպքերից բացի՝ կա մեր երկրում տարածված եւս մի օրինախախտում։ Գործատուն առաջարկում է պայմանագիր կնքել, բայց իրական աշխատավարձի չափը նշելու փոխարեն ավելի փոքր գումար է գրանցվում (որպեսզի գործատուն ավելի քիչ հարկեր վճարի), իսկ աշխատավարձի մյուս մասը տրամադրվում է կանխիկ։
Իրավաբան Վիկտորյա Պետրոսյանն ասում է՝ մեր երկրում հարկային բեռը բավական ծանր է։ Եթե այն փոքր-ինչ թեթեւացվի, աշխատողներին չգրանցելու դեպքերը նկատելիորեն կարող են նվազել։ Քանի որ հարկերը շատ են, անգամ տուգանվելու հավանականության մասին իմանալով՝ գործատուները ռիսկի են դիմում ու չեն գրանցում աշխատողներին։
«Եթե հարկային բեռը նվազեցվի, ավելի քիչ գործատուներ օրինախախտում կկատարեն․ շատերը կգերադասեն աշխատանքային պայմանագիր կնքել ու տուգանքից խուսափել»,- վստահեցնում է իրավաբանը։
Շատ չեն դեպքերը, երբ աշխատողը դատական կարգով վերականգնում է իր իրավունքները։ Մարդիկ դատարան դիմելուց խուսափում են։ Մեր դատարանները շատ ծանրաբեռնված են, հնարավոր է անգամ տարուց ավելի տեւի դատական գործընթացը։
«Աշխատանքային վեճերը լուծելու նպատակով կարելի է նաեւ Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն դիմել։ Այս դեպքում ավելի արագ է լինում․ հնարավոր է՝ 2-3 ամսում վեճը լուծվի։ Գործի գաղտնիութունն, իհարկե, պահպանվում է։ Անշուշտ, հնարավոր է՝ վեճն այս տարբերակով չլուծվի, կողմերը համաձայնության չգան․ այդ պարագայում անհրաժեշտ է դատարան դիմել, եթե անգամ դատական գործընթացը երկարատեւ է լինելու»,- բացատրում է իրավաբանը։
Աշխատողների հետ պայմանագիր չկնքելով՝ գործատուն փաստացի պետության ու աշխատողի առջեւ իր պարտավորությունները չի կատարում։ Այս արատավոր պրակտիկան կրճատելու նպատակով քաղաքացիները պիտի նախաձեռնող լինեն։ Իրավաբանը վստահեցնում է՝ հարկավոր է ավելի հաճախ դատարան դիմել, որպեսզի անբարեխիղճ գործատուները օրենքով պատասխանատվություն կրեն եւ հետագայում չկրկնեն այս օրինախախտումը։
«Եթե աշխատողները նման դեպքերում հաճախ դատարան դիմեն, դա նաեւ զսպող գործիք կլինի։ Գործատուները կմտածեն՝ եթե աշխատողին չգրանցեն, կարող են հայտնվել դատարանում։ Պետք է շեշտեմ՝ կան իրավաբաններ, որոնք նույնիսկ անվճար խորհրդատվություն են տրամադրում նման վիճակում հայտնված վարձու աշխատողերին։ Ինքս էլ պատրաստ եմ օգնելու»,- ասում է իրավաբանը։
Ըստ նրա՝ ՊԵԿ-ն ակտիվորեն ստուգումներ անում է, դեպքեր հայտնաբերում է ամեն ամիս, բայց իրականում չգրանցված աշխատողների թիվն անհամեմատ ավելի մեծ է։
«Ես, իհարկե, հասկանում եմ՝ Հայաստանում աշխատանք գտնելը հեշտ չէ, մարդիկ հաճախ վախենում են եկամուտը կորցնելուց, որով ընտանիք են պահում, բայց աշխատողին չգրանցելու արատավոր պրակտիկայի դեմ պետք է պայքարել, նվազեցնել դրա ծավալները։ Հարկավոր է բարձրաձայնել դրա մասին, վերականգնել ոտնահարված իրավունքները։ Վստահ եմ՝ այս հարցում նկատելի արդյունքի հասնելու համար անելիք ունի ոչ միայն պետությունը, այլեւ քաղաքացին»,- եզրափակում է իրավաբանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։