2024 թվականի տարեսկզբից մինչ ապրիլի 18-ը արձանագրվել է օդը աղտոտելու իրավախախտման 66 դեպք: Նշանակվել են ընդհանուր՝ 4,5 միլիոն դրամը գերազանցող վարչական տուգանքներ, կայացվել են գործունեության կասեցման որոշումներ։ Տեղեկությունը «Ալիք մեդիա»-ի հարցմանն ի պատասխան փոխանցել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պետի տեղակալ Վրեժ Գալոյանը:
Առավել հաճախ արձանագրվել են առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության գործունեության, թույլտվության չափաքանակների գերազանցման, շինհրապարակներում սահմանված պահանջների խախտման եւ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման դեպքեր։
Սահմանված նորմերի ու կանոնների խախտման դեպքում կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ՝ նախազգուշացումից մինչեւ 300.000 դրամ տուգանք, նաեւ նախատեսված է գործողության, գործունեության կասեցում:
«Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի եւ աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ` 50.000 դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 դրամի չափով։ Կրկնակի խախտումների դեպքում` ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 դրամ»,-մանրամասնում են Տեսչական մարմնից։
«ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանը վստահ է՝ հատկապես մայրաքաղաք Երեւանում օդի աղտոտվածության «կարմիր գծերը» վաղուց են հատվել: «Ալիք մեդիա»-ի հետ զրույցում բնապահպանը նշում է, թե որոշ դեպքերում հետդարձի հնարավորություն չկա, որովհետեւ բազմաթիվ պաշտպանիչ մեխանիզմներ այլեւս վերականգնման ենթակա չեն:
«Հույս ունեմ՝ նման տուգանները կարող են նպաստել օդի աղտոտվածության դեմ պայքարին, զգոնության կոչ լինել մյուս իրավախախտումներ կատարողներին, որ առավել ուշադիր աշխատեն: Սակայն դրանք ակցիաներ են, որոնք որոշ չափով կարող են մեղմել իրավիճակը, մինչդեռ խնդիրն առավել խորքային է».-ասում է Զարաֆյանը:
Բնապահպանը նշում է՝ Երեւանի օդի աղտոտման հիմնական պատճառը առանց շինարարական նորմերի պահպանման կատարվող կառուցապատումն է, այնուհետ՝ արտանետումները: Իսկ կանաչ շերտը, որը պետք է պաշտպանիչ գործառույթ կատարեր, չի պահպանվում:
«Բազմահարկ շենքեր են կառուցվում, մեծ քանակությամբ գրունտ է հանվում, մինչդեռ տարածքը շրջապատված է լինում ընդամենը մարդու հասակի ցանկապատով: Պարզ է, չէ՞, որ այդ ամբողջ փոշին մթնոլորտ է լցվում»:
Զարաֆյանի կարծիքով՝ կանաչ տարածքների վերականգնման համար պետք է պայքարի սուր միջոցառումներ անցկացվեն:
«Երբ տարիներ առաջ կանաչ հատվածները սկսեցին հատել, պայքարը սկսվեց. ինչպես սկսվեց, այնպես էլ անհաջողությամբ ավարտվեց: Երբ, օրինակ, Հրազդանի ձորում դեռ 3-4 ռեստորան կար, խոստացան՝ կազատվեն դրանցից: Ոչ միայն չազատվեցին, այլեւ այդ կառույցներն ավելացան: Մենք այժմ Հրազդանի ձորը չունենք: Կա գետի մնացորդ, որը ծածկված է կառույցներով»,-ասում է մեր զրուցակիցը:
Բնապահպանի խոսքով՝ բազմահարկ շենքերի ավելացմանը զուգահեռ պետք է աշխատել «բազմահարկ» կանաչապատման ուղղությամբ: Ծառեր, որոնք կպաշտպանեն արեւից՝ ստվեր ապահովելով, թփեր, որոնք կկատարեն սանիտարական գործառույթ, կանաչապատման մի շարք անհրաժեշտ գործողություններ:
Տեսչական մարմինից էլ նշում են՝ չեն սահմանափակվում միայն տուգանքներով: Բազմաթիվ իրազեկող արշավներ են կատարում՝ հնարավոր խախտումները կանխարգելելու համար: Տեսչական մարմնի նախաձեռնությամբ Երեւանում ընդերքօգտագործող, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների եւ այլ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպվում են իրազեկում-հանդիպումներ:
«Դրանց ընթացքում առաջարկվում են հնարավոր լուծման տարբերակներ շինհրապարակներում ու հանքավայրերի տարածքներում այլընտրանքային ժամանակակից տեխնոլոգիաների՝ փոշեճնշող սարքերի, փոշու նստեցման ջրի թնդանոթների կիրառման վերաբերյալ։ Տեսչական մարմինը ստուգումների, ստուգայցերի ընթացքում բացատրական աշխատանքներ է կատարում տնտեսավարող սուբյեկտների հետ»,-հայտնում են կառույցից:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: