ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ուկրաինայում երկարձգվող հակամարտությանը եւ մեխանիզմներ մշակի Կիեւին երկարաժամկետ աջակցության տրամադրման համար։ Այս մասին ամերիկյան PBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։
«Պատերազմներն իրենց բնույթով շատ անկանխատեսելի են, բայց մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ հեռանկարին: Ուստի կարեւոր է, որ մենք այժմ քննարկում ենք ոչ միայն կարճաժամկետ աջակցությունը, այլ նաեւ ուղիներ որոնում, որոնցով կարող ենք ինստիտուցիոնալացնել երկարաժամկետ աջակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում»,-ասել է Ստոլտենբերգը։ Նրա խոսքով, դա Կիեւին օգնությունը կդարձնի ավելի «կանխատեսելի եւ հուսալի», ինչպես նաեւ ենթադրաբար կմոտեցնի խաղաղության բանակցություններ սկսելու հնարավորությունը։
Ապրիլի 2-ին Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հուլիսին ԱՄՆ-ում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում կառաջարկի ստեղծել 100 միլիարդ դոլար բյուջե պարունակող հիմնադրամ՝ 5 տարվա ընթացքում Ուկրաինային զենք մատակարարելու համար, ինչպես նաեւ Կիեւին բոլոր ռազմական մատակարարումների համակարգումը ԱՄՆ-ից փոխանցել ՆԱՏՕ-ի վերահսկողությանը: Ըստ գործակալության այս առաջարկները, պետք է փոխհատուցում դառնան Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելուց հրաժարվելու դիմաց։
Իր հերթին Financial Times-ն էլ նշել է, որ դա թույլ կտա ԱՄՆ-ին նվազեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը՝ 60 միլիարդ դոլարից հասցնելով 16 միլիարդի։