ԵՄ անդամ երկրները քաղաքական համաձայնության են եկել Իրանի հրթիռների եւ անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ պատժամիջոցներն ընդլայնելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք քաղաքական համաձայնություն ենք ձեռք բերել՝ ընդլայնելու իրանական անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ արտադրողների եւ Ռուսաստանին հրթիռների հնարավոր մատակարարողների դեմ պատժամիջոցների ռեժիմը։ Համակարգը նույնն է՝ հրթիռներ արտադրողների նկատմամբ պատժամիջոցներ։ Երկրորդ՝ մենք կընդլայնենք աշխարհագրությունը. պատժամիջոցները կկիրառվեն ոչ միայն Ռուսաստանին մատակարարումների, այլ նաեւ այլ պրոքսի ուժերի նկատմամբ»,-ասել է Բորելը։
Սպասվում է, որ մոտ ապագայում ԵՄ խորհուրդը կձեւակերպի այս որոշումը, որից հետո Բրյուսելը կկարողանա նոր պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ։ Ինչպես լրագրողների հետ զրույցում ընդգծեց ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, այժմ խոսքը ոչ թե կոնկրետ անձանց եւ ընկերությունների մասին է Իրանում, այլ գործող պատժամիջոցների մեխանիզմի ընդլայնման մասին՝ հրթիռների դեմ միջոցներ կիրառելու համար։ Ներկայիս գործող պատժամիջոցների ռեժիմի պայմաններում ԵՄ-ն կարող է սահմանփակումներ կիրառել միայն անօդաչու թռչող սարքեր արտադրողների դեմ:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը արդեն քննադատել է ԵՄ որոշումը։
«Ցավալի է տեսնել, թե որքան արագ է ԵՄ-ն որոշում Իրանի նկատմամբ լրացուցիչ անօրինական պատժամիջոցներ կիրառել միայն այն պատճառով, որ Իրանն իրացրել է ինքնապաշտպանության իր իրավունքը՝ ի դեմս Իսրայելի անխոհեմ ագրեսիայի»,-գրել Աբդոլլահյանը X-ի էջում։
It is regrettable to see the EU deciding quickly to apply more unlawful restrictions against Iran just because Iran exercised its right to self-defence in the face of Israel’s reckless aggression. The EU should not follow Washington’s advice to satisfy the criminal Israeli…
— H.Amirabdollahian امیرعبداللهیان (@Amirabdolahian) April 23, 2024
Նա հաջորդիվ հավելել է, որ Իսրայելին գոհացնելու համար ԵՄ-ն «չպետք է հետեւի Վաշինգտոնի խորհուրդներին»։
«Մինչ Իսրայելի ռեժիմը շարունակում է իր ցեղասպանությունը պաղեստինցիների դեմ տարբեր պատերազմական հանցագործությունների, հրթիռային հարձակումների եւ սովի միջոցով, ԵՄ արձագանքը նման հանցագործություններին գրեթե ոչ այլ ինչ է, քան դատարկ խոսքեր»,-գրել է Իրանի ԱԳ նախարարը։