Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Նոյեմբերյանի համայնքապետարանը քիչ առաջ հայտարարություն է տարածել՝ գործընթացը որակելով ծայրահեղ վտանգավոր։ Ըստ պաշտոնական հայտարարության՝ նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարեւորագույն հատվածներ դարձնում է խոցելի, ինչը էական վտանգ է ներկայացնելու բնակչության համար։
Համայնքը սահմանազատման այս գործընթացը Հայաստանի կողմից փաստացի միակողմանի զիջում է համարում՝ խաղաղության մասին խոսելը իրատեսական չհամարելով։
«Մեզ համար ընդունելի չէ նման ձեւաչափով սահմանազատման իրականացումը, հետեւաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին եւ չունեն որեւէ մասնակցություն դրան»,- նշված է հայտարարության մեջ։