Ըստ վիճակագրական տվյալների կոմիտեի նախորդ տարի խաղատների մաքուր շահույթը կազմել է 14,214.100.000 դրամ, իսկ ինտերնետ շահումով խաղերի դեպքում այդ թիվը հասել է 231,297.700.000 դրամի։
Հայաստանում գրեթե բոլորը խաղում են։ Ըստ Google Trends-ի տվյալների՝ անցյալ տարի Հայաստանում օգտատերերն ամենաշատը որոնել են խաղատներ։
Times of Malta-ն 2020 թվականին գրել էր, որ Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) երբեւէ ամենամեծ տուգանքն է կիրառել Մալթայում գործող «Vivaro Ltd»–ի նկատմամբ: 733.160 եվրո տուգանք է նշանակվել այն բանից հետո, երբ FIAU-ն ստուգումներ է իրականացրել եւ օրենքի 10 խախտում հայտնաբերել հեռահար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի գործունեության մեջ։
Խաղային ոլորտը Հայաստանում
Պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի հունվարի 11-ին «Խաղային գործունեության կարգավորման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր էր առաջարկել։
Ազգային ժողովը 2024 թվականի փետրվարի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է, ինչպես նաեւ մասնակիցների շահերի առավելագույն պաշտպանվածության ապահովումը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նախագծերի փաթեթով սահմանել է երկու մեծ նպատակ։ Առաջինը թափանցիկության ապահովումն է, իսկ երկրորդը պատասխանատու խաղի կանոնների ներդրումը։
Առաջին առումով կառավարությունը պատրաստվում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, որի արդյունքում խաղը կազմակերողների տեղեկատվական համակարգերը պետք է միացվեն խաղային ոլորտի մոնիտորինգային կենտրոնին, ինչպես նաեւ խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ։
Ըստ այդ սերտիֆիկացման մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90%:
«Սա նշանակում է, որ որեւէ խաղային սարքավորում, երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն: Եթե հիմա հնարավոր չէ դա ստուգել, որովհետեւ բացակայում է սերտիֆիկացումը եւ չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, ապա օրենքի կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր կլինի ստուգել»,- ասել է Ռուստամ Բադասյանը:
90%-ից բացի նախագծով նաեւ սահմանվում են խաղերին մասնակցելու սահմանափակումներ: Արգելվում է այն անձանց մուտքը, որոնք՝
- օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող աջակցության որեւէ ծրագրից։
- օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում եւ ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են:
- ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված պարտավորություններ:
- հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում:
Պետական եկամուտների կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան ասացին, որ նախագիծը դեռ լրամշակման փուլում է։
Փորձեցինք նաեւ ճշտել, թե երբ վերջնական պատրաստ կլինեն նախագծով սահմանված փոփոխությունները, սակայն հստակ պատասխան չստացանք։
Նախագիծն առաջին հայացքից վատը չէ, մնում է միայն մեր սպասելիքներն արդարացվեն եւ որեւէ կերպ նվազեցնեն Հայաստանում մոլախաղերի սպառումը։
Մոլախաղերից կախվածության հիմնական պատճառը մենակության զգացումն է, այն ստիպում է մարդուն առաջին անգամ խաղալ, իսկ խաղի ընթացքում ձեռք բերված տպավորությունները ստիպում են նորից վերադառնալ խաղին։
Կարեւոր է հիշել, որ մոլախաղերը ժամանցը հետաքրքրացնելու միջոց չեն, այլ լուրջ հիվանդություն։
Աստղիկ Հովհաննեսով