Հարավային Կովկասում նոր կարգեր են հաստատվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադռնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական հոգեբանություն» թեմայով ուղերձի ժամանակ 1915 թվականի իրադարձությունների նկարագրելիս «Հայոց ցեղասպանության» փոխարեն «Մեծ աղետ» եզրույթի օգտագործմանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ միշտ ավելի լավ է գործել՝ հիմնվելով ժամանակի իրողությունների վրա, «քան հորինված պատմական պատմությունների հիման վրա, որոնք կապ չունեն իրականության հետ»։
«Հիմա Փաշինյանը դա հասկանում է»,- ասել է Էրդողանը եւ հավելել, որ այդ մասին շատ է խոսվել եւ արխիվներ են բացվել։
«Հիմա նոր ճանապարհային քարտեզներ ստեղծելու ժամանակն է: Հույս ունեմ, որ Հայաստանը կազատվի իր սփյուռքի ստեղծած խավարից։ Հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնում։ Եթե դրանք բաց են մնում, ապա դրանք պետք է ճիշտ օգտագործվեն։ Այս գործընթացում ոչ միայն Սփյուռքը, այլեւ մյուսները փորձում են ազդել Հայաստանի վրա, ինչպես տեսնում եք։ Մենք գիտենք այս մասին։ Ժամանակ առ ժամանակ նաեւ զգուշացումներ էինք անում։ Հուսով եմ, որ Հայաստանը ճիշտ ճանապարհ կընտրի, եւ նոր դարաշրջան կսկսվի»,-ասել է Էրդողանը։