Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը արգելափակում է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի ճանապարհային կապեր հաստատելու հնարավորությունը։
«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ինչպես նշեցիք, այս հարցը հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։ Այո, այնտեղ «Զանգեզուրի միջանցք» բառերը նշված չեն։ Սակայն այնտեղ գրված է, որ Ադրբեջանի արեւելյան հատվածի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ պետք է լինի տրանսպորտային կապ, որի վերահսկողությունը պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Այս հայտարարությունը ստորագրվել է [ՌԴ] նախագահ [Վլադիմիր] Պուտինի, [Հայաստանի] վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի եւ իմ կողմից։ Եվ արդեն երեք տարուց ավելի է, ինչ Հայաստանը փաստացի խախտում է այդ դրույթը»,- ասել է Ալիեւը՝ ապրիլի 23-ին ելույթ ունենալով «COP29 եւ կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում։
Նրա խոսքերով Հայաստանը այժմ փորձում է «ազատվել» այդ կետից, սակայն դա անհնարին է։
«Նրանք արգելափակում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ճանապարհային կապեր հաստատելու հնարավորությունը։ Այս պահվածքը, իհարկե, շատ հիասթափեցնող է»,-ասել է Ալիեւը։
Նա նաեւ անդրադարձել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում Ֆրանսիայի, Հունաստանի եւ Հնդկաստանի համագործակցությանը՝ նշելով, որ Ադրբեջանը չի կաորղ «ուղակի նստել ձեռքերը ծալած»։
«Նրանք դա անում են բացահայտ ու ցուցադրաբար, և նույնիսկ փորձում են այս կերպ մեզ ինչ-որ բան ապացուցել։ Մենք չենք կարող պարզապես ձեռքերը ծալած նստել: Այս դիրքորոշումը մենք հստակ փոխանցել ենք Հայաստանի կառավարությանը և այն կողմերին, որոնք այսօր փորձում են հոգատարություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ։ Եթե մենք մեզ սպառնացող լուրջ վտանգ տեսնենք, ստիպված կլինենք լուրջ միջոցներ ձեռնարկել»,-ասել է Ադրբեջանի նախագահը։