Վրաց հասարակությունը պահանջում է տեղեկատվություն ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկություն, եւ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը այլընտրանք չունի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաց հասարակությունը աջակցում է ՀԿ-ների թափանցիկությանը։ ՀԿ-ների թափանցիկությունը կարեւոր է հասարակության տեղեկացվածությունն ապահովելու համար, եւ տեղեկացված հասարակությունը պարտադիր է երկրի ինքնիշխանության ամուր պաշտպանության համար: […] Այսպիսով, այս օրենքի ընդունումն այլընտրանք չունի»,-ասել է Կոբախիձեն լրագրողներին։
Ապրիլի 17-ին Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին, որին դեմ են արտահայտվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ արեւմտյան որոշ դիվանագետներ, որոնք այն դիտարկել են որպես խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։