Արցախցի Շախբազյան Ռաֆիկի եւ Վիոլետայի ութ հոգանոց ընտանիքը Ասկերանի շրջանի Նորագյուղից էին:
«Մի գոմ լիքը անասուն, լավ տունուտեղ ունեինք, աշխատում, ապրում էինք, ոչ ոքից ոչինչ չէինք ուզում»,-պատմում է գերդաստանի հայրը:
Տեղահանման օրը ընտանիքի անդամները սարսափով են հիշում: Թեեւ երկու ավտոմեքենա ունեին, բայց բենզին չլինելու պատճառով ստիպված են եղել ընտանիքով մի կերպ տեղավորվել հարեւանների ՈՒԱԶ-ում:
«Պատկերացրեք, յոթ-ութ հոգու համար նախատեսված մեքենայում ինչ խտությամբ ենք խցկվել՝ ուղիղ 20 հոգով»,-հիշում է տան մայրը՝ տիկին Վիոլետան:
Չորս մանկահասակ թոռների, հարս ու տղայի հետ հասել են Հայաստան: Ասում են՝ ինչ տարբերություն հարյուր տարի առաջվա ու այսօրվա ցեղասպանության մեջ: Սա եղեռն չէ, բա ի՞նչ է. նույն սարսափը, տեղահանությունը, գաղթի ճանապարհը:
Ընտանիքն այսօր ապրում է Շիրակի մարզի Ախուրյան գյուղում: Հարմարություններից զուրկ սեփական տուն են վարձակալել, բակը մաքրել, բայց դեռ հիմնավորվել չեն շտապում. մի թաքնված հույս ունեն, թե հետ են գնալու, կրկին իրենց տանը տեր կանգնելու: Տիկին Վիոլետան ամեն օր տնական հաց է թխում, որ տաք հացի բույրը մտքով իրենց տանի Նորագյուղ:
Ընտանիքի անդամները դեռ ապրուստի միջոց չունեն, մասնագիտություն չեն ունեցել, զբաղվել են անասնապահությամբ: Հիմա անասուններ գնել չեն կարող, աշխատանք գտնել՝ նույնպես: Գոյատեւում են պետական եւ տեղի ու արտասահմանի բարերարների աջակցություններով, մի կերպ ծայրը ծայրին հասցնում:
«Ալիք Մեդիան» այս անգամ եւս, շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում ապրող նկարչուհի Մարգարիտա Ավետյանի, Շախբազյանների տուն դատարկաձեռն չգնաց: Բարերար տիկնոջ օգնությամբ, ըստ ընտանիքի ներկայացրած կարիքների, աջակցությունը հասավ հասցեատերերին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։