2010-ականներին ինձ թվում էր, թե Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ձեւավորված իշխանությունը ավտորիտար, միահեծան եւ կուռ կառույց էր։
Նույնքան զորեղ ու անհաղթահարելի էր թվում նաեւ դրա գաղափարախոսությունը՝ Նժդեհական ռազմահայրենասիրությունը, որը խարսխված էր ծայրագավառային կապիտալիզմի, կլանային կառավարման եւ կղերական ինդուլգենցիաների վրա։
Բայց կյանքը ցույց տվեց, որ իրականում իշխանությունը շատ ավելի խոցելի էր, քան մենք կարող էինք պատկերացնել։ Փաստորեն մենք տեսել էինք ընդամենը փոքրիկ միջատի մեծ ստվերը՝ շփոթելով դրան վիշապի հետ։ Ի վերջո պարզվեց, որ այդ իշխանությունը կեղծ էր, իսկ նրա գաղափարախոսությանը հավատացողներ չկային։ Նժդեհական ոչինչ չարտադրող եւ չստեղծող կապիտալիզմը մի գիշերվա ընթացքում ՔՊ-ական դարձավ։
2010-ականներին զորեղ, միահեծան եւ անհաղթահարելի թվացող իշխանության զուգահեռ իրականությունում ապրում էր առաջադեմ երիտասարդությունը՝ իր ակտիվիստներով, քաղհասարակությամբ, արեւմտամետներով, ձախերով, աջերով, անարխիստներով, իրավապաշտպաններով, փաստաբաններով, պոետներով, ՀՀԿ-ի Նժդեհին մերժող «իրական» նժեհականներով, բնապահպաններով եւ պարողներով։
Այս բոլորը կային եւ միահամուռ ջանքերով պայքարում էին համակարգի դեմ։ Պայքարում էին ո՛չ անպայման փողոց դուրս գալու իմաստով, այլ ընդհանուր առմամբ տասնամյակի միջավայրը թելադրում էր իշխանությանը մերժելու նորձեւությունը (թրենդը)։ Այն ժամանակ հենց այս շերտն էր համարվում Հայաստանի առաջադեմ եւ ինտելեկտուալ կորիզը, ապագան, առաջ մղող ուժը։
2018-ին ինտելեկտուալ եւ վառ այս շրջանակները եկան իշխանության (ես էլ նրանց հետ)։ Անմտություն կլինի կարծել, թե Նիկոլ Փաշինյանի հաղթարշավը զուտ սոցիալական բունտի եւ աշխարհաքաղաքական բեւեռների ներգրավածության հետեւանք էր։ Այս երկու գործոնների հետ զուգընթաց իշխանափոխությունը նաեւ բնակչության 3-5 տոկոսի կուտակած էներգիայի եւ ձեւավորած թրենդների հետեւանքն էր։
2018-ից անցել է շուրջ վեց տարի։ Տրամաբանական հարց է առաջանում․ ո՞ւր է Հայաստանի ինտելեկտուալ այդ կորիզը։ Վերջին ամիսներին մտածելով անցած-գնացածի մասին՝ եկա այն համոզմանը, որ 2010-ականներին առաջադիմական շերտեր գոյություն չեն ունեցել։ Առնվազն դրանց մասին խոսակցությունները չափազանցված էին։
Երիտասարդական (եւ ոչ միայն) պայքարող այդ համայնքը նույնքան խոցելի ու արհեստական էր, որքան՝ Սերժ Սարգսյանի իշխանական զորեղ բուրգը։ Կամ էլ դրանք ինտելեկտուալ էին ու առաջադեմ, քանի դեռ կար Ռայկոմի քարտուղարի աշխարհայացքով, հայրենասիրությամբ կարկատված, փողասեր եւ ագահ համակարգը։ Համակարգի չգոյությամբ անհնար դարձավ նաեւ նրանց լուսավորյալ եւ պայծառ բնույթը։ Արդեն իսկ նրանք սկսեցին համակարգ ձեւավորել՝ առաջին պլան մղելով 2010-ականների նորաձեւություններն ու թրենդները։
Իհարկե կարող է հարց առաջանալ, թե ինչու եմ այսքան կատեգորիկ իմ դատողությունների մեջ, չէ՞ որ խոսքը հենց իմ միջավայրի, իմ ընկերների եւ գաղափարակիցների մասին է։ Ինչո՞ւ եմ արժեզրկում այն տասնամյակը, որի ընթացքում հենց այդ թրենդների հաշվին հայտնի եմ դարձել։
Պատասխանը շատ հստակ է։ Ապրած այդ տասնամյակը կեղծ չէր լինի, եթե դրա գեներացրած լուսավոր գաղափարները իրական լինեին։ Եթե երիտասարդական առաջադեմ շարժումը չքարանար ու չփոխակերպվեր անշարժ ու մեռած հուշարձանի։
Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այլասերված է ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանությունները միասին վերցրած։ Այն տապալել ու ոչնչացրել է ամեն ինչ։ Արցախն այլեւս չկա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը վտանգված է, Ցեղասպանությունը կասկածի տակ է առնված, ժողովրդավարությունը շարունակում է սերտաճել ավտորիտարիզմի հետ։ Համակարգը կոռումպացված է եւ պատրաստ ամեն տեսակ բռնության։ ԱԺ նախագահը թքում է, իսկ դիմակավորված անձինք ոստիկանության թողտվությամբ քաղաքացի են խոշտանգում։
Այսինքն՝ գործ ունենք հանցագործ մի ռեժիմի հետ, որի դեմ պայքարող չկա, որին նույնիսկ ձեռնոց նետող չկա (եկեղեցին չհաշված)։
2010-ականների պայքարողների մի մասը բարձրաստիճան չինովնիկներ ու պատգամավորներ են դարձել։ Ունեն տներ, մեքենաներ եւ վայելում են իրենց կուշտ կյանքը։ Նույնիսկ եթե Հայաստանի կեսը չլինի, նրանք այլեւս պատրաստ չեն վերադառնալ իրենց հին կյանքին։
Մյուս մասը թաղված է կոնֆորմիզմի եւ անգործության մեջ՝ պարազիտանալով նախինների վերադառնալու եւ ռուսներից ինքնիշխանությունը փրկելու հեքիաթներով։ Վերջին խումբը պաշտոններ չի զբաղեցնում, բայց գտնվում է իշխանության հետ նույն արժեքային տարածությունում։ Այլ խոսքով՝ «լատենտ նիկոլականներ» են։
Իհարկե, նախկին առաջադիմական այս խառնամբոխում կան նաեւ եզակի բացառություններ, որոնք շարունակում են սկզբունքային մնալ։ Լինել սկզբունքային ամենեւին էլ չի նշանակում մնալ նույնը, ինչ՝ 2018-ին։ Քանի որ որոշ մարդկանց մոտ, կարծես, իսկապես բան չի փոխվել, նրանք շարունակում են ապրել նույն կյանքով։ Նորից մերժում են Սերժին, ինչպես վեց տարի առաջ։
Հասկանում եմ, շատերն էլ կյանքի ու կարիերայի հարց են լուծում։ Մեկը հեռուստատեսություն է պահում, մյուսը ԿԳՍՄ-ից գրական դրամաշնորհներ է ակնկալում, երրորդը պարզապես ուզում է փող աշխատել, չորրորդն էլ ուղղակի հոգնել ու հիասթափվել է։ Վերջին խմբի մարդկանց հետ խնդիր չկա, հոգնածությունը սուրբ կարգավիճակ է, որը խաթարման ենթակա չէ։
Իմ համոզմամբ առավել վտանգավոր են կառուցողականի եւ ադեկվատի մորթու մեջ ապրող զանգվածները, որոնք ընդունակ են ամեն մի անբարոյականության քաղաքագիտական եւ փիլիսոփայական բացատրություն գտնել։ Ամեն աղետից հինգ րոպե առաջ վերլուծություն գրել՝ մոտալուտ փլուզումը ներկայացնելով որպես բնականոն գործընթաց։ Կամ էլ դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին՝ կոնֆորմիզմի թմբիրից ռացիոնալ գիտելիքի փշրանք շպրտելով Ալիեւի եւ Փաշինյանի սպառնալիքներից ահաբեկված մարդկանց դեմքերին։
Իմ փիլիսոփայական բառարանում կառուցողականի ամենաճշգրիտ բացատրությունը «ինքն իրեն էշի տեղ դնելն» է։
Վեց տարվա հեռավորությունից նորից առաջնային է դառնում հետեւյալ պարզ հարցադրումը․ ի՞նչ մնաց հակասերժական այդ ահեղ առաջադիմությունից։ Համակարգային ու հարմարավետ ցինի՞զմը։ Այսինքն, չմերժելով համակարգը, ապրելով համակարգում կիսատ պռատ շուլուխներ անել Վարդան Մամիկոնյանի, Տիգրան Մեծի եւ եկեղեցու մասին՝ վերնագրելով այս դիակապտությունը որպես պայքար միֆերի դեմ։ Կամ էլ թշվառ ու կիսասոված, հալածված ու կենցաղում ճշմարտությունները թաղած միջին վիճակագրական հային մեղադրել իռացիոնալ եւ ոչմիթիզական լինելու մեջ։
Ֆեյսբուքում տիրապետող «լակոտական» այս ակտիվիզմը դուք առաջադիմությո՞ւն եք անվանում։
Ամբողջ օրը կիսառուսերեն եւ կիսաանգլերեն փոդքատներ լսող լուսավոր երիտասարդության ամենամեծ թրենդը Պուտինին հայհոյելն է։ Հակապուտինիստ լինելը սեքսի է, իսկ վտարանդի ռուս ռելոկանտներին հարգանքի տուրք մատուցելը՝ դրական տոն։ Դե մարդիկ ուզում են ինքնիշխան լինել, առանց հասկանալու, որ մենք ինչպես Պուտինի, այնպես էլ Լոնդոնում ծվարած Մարիա Պեվչիխի համար նույն «չուռկան» ենք եւ ո՛չ ավելին։
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ամեն օր պայքարում են Ռուսաստանի դեմ՝ պաշտպանելով մեր ինքնիշխանությունը եւ այդ նույն պահին դիկտատոր Ալիեւի պահանջով Հայաստանի համար նոր սահմանադրություն են գրում։
Առաջադեմ զանգվածների հակապուտնիզմի խորքային պատճառը Լենին-Քեմալ պակտի թարմացման եւ վերախմբագրման անհրաժեշտությունն է, որ մի հարյուր տարի էլ քողարկեն ու լեգիտիմացնեն իրենց ինտելեկտուալ թշվառությունն ու ողորմելիությունը։ Որ պատմության դասագրքերում Արցախի կորուստը վերագրեն Պուտին-Ալիեւ-էրդողան տանդեմին՝ մյուս կողմից անուղղակիորեն հայհոյելով անգլիական նավերին, որոնք այդպես էլ չբարձրացան Ջաբրայիլի լեռները։
Ահա՛ սա է նրանց երեւակայության բարձրակետը։ Վերջին 150 տարվա ընթացքում հայ առաջադիմական շրջանակները, քաղաքական միտքը ընդունակ չեն եղել մի փոքր այլ պատմություն հնարել։ Նույն փտած եւ արժեզրկված ձանձրույթը։
Այս միջավայրում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հավերժ է։ Երբ ընդդիմադիր ակտիվիստի նկատմամբ բռնությունը սովորական լուր է դարձել, որը կարելի է ուղղակի թերթել ու մոռանալ, քանի որ մտավախություն կա, որ նա «քոչարյանական» է։ Ձեր քաղբանտարկյալը իմ քաղբանտարկյալը չէ սկզբունքով։ Դե վաստակաշատ փաստաբաններ Վահե Գրիգորյանն ու Տիգրան Եգորյանը այլեւս չեն պայքարում տոտալիտարիզմի դեմ։
Երբ Հայաստանի եւ Արցախի ուրացումը հանցավոր անգործությամբ լեգիտիմացված է «այլընտրանք ցույց տվեք» բառախաղով։ Իբր այլընտրանքի դեպքում վազելով լցվելու են փողոցները։ Դե պայքարելու գաղափարին էլ իռացիոնալ պիտակն են կպցրել՝ հավասարեցնելով համարյա հայհոյանքի։
Ընդամենը պետք է խոստովանել, որ նրանց ուզածը անդարդ, հանգիստ էգոիստական կյանքն է՝ իհարկե առանց «բայց»-երի խաղաղության վարդագույն իրականությունում։ Բոլորն էլ ուզում են կյանքը վայելել։ Կյանքը մեկ անգամ է տրվում։ Բայց եթե այդ համոզմունքի կրողն են, ուրեմն թող հրապարակային պահանջեն, որ Նիկոլ Փաշինյանը ցրի բանակը, լուծարի պետությունը եւ ինչ-որ օտար տիրապետությամբ հանգիստ ապրենք, անդարդ ու անշառ։ Մարդկության պատմությունը չպայքարող պետություն դեռեւս չի տեսել։
Ի՞նչ խոսք, բարոյական դիրքավորում է, երբ մարդիկ հոգու խորքում հաշտ են Նիկոլ Փաշինյանի խաղաղության քաղաքականության հետ, բայց հրապարակային քննադատում են նրան անհիշելի ժամանակներում արտաբերված «Արցախը Հայաստան է ե՛ւ վերջ» արտահայտության համար։
Առաջադիմության մյուս հիմնասյունն էլ Թուրքիայի հետ հարաբերություններին աստվածային խորհրդավորություն հաղորդելն է եւ բնականաբար թշվառ ու հալածված հայ մարդուն նվաստացնելը, քանի որ այդ ողորմելին անցյալի իր հիշողություններով խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացման պատմական գործընթացին։
Լա՛վ, էլ ի՞նչ անի Հայաստանի իշխանությունը, որ նզովված այդ սահմանը բացվի։ Քիչ է մնում արդեն հրապարակային դատապարտեն 1915 թվականի ինքնապաշտպանական մարտերը, հաշվեն Ցեղասպանության նահատակներին ու դատապարտեն ռուսների կողմից Էրզրում քաղաքի գրավումը։ Ու էս ամենը խոսվում եւ արվում է այնպիսի ինքնավստահությամբ, որ կարծես թե, հայերն են փակել այդ սահմանը՝ շրջափակման ենթարկելով Թուրքիայի Հանրապետությունը։
Ես այս պարագայում ոչ այնքան հայ-թուրքական հարաբերություններն եմ քննարկում, որքան դրանց վերաբերյալ առաջադեմ շրջանակների ապաքաղաքական մոտեցումը։ Առաջարկում եմ նայել «Ալիքի Մեդիայի» եթերում իմ ոչ վաղ անցյալի հարցազրույցը Պոլսի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի հետ։ Վերջինս դիվանագիտական մեղմախոսությամբ շատ ուղիղ բացատրում էր, որ մենք պահը բաց ենք թողել, առանց հասկանալու, որ 44-օրյա պատերազմից հետո այլ իրականություն է ստեղծվել։ Մենք այս պահին պետք չենք Թուրքիային, արժեք չունենք նույնիսկ եթե ամբողջությամբ հրաժարվենք մեր ինքնությունից, լեգենդներից ու միֆերից։
Այս հոդվածը դեռ երկար կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով։ Սա ըստ էության «Նժդեհական ծրագրավորողների» եւ «Հայ ինտելեկտուալների հավաքական կերպարը» հոդվածների շարունակությունն է։
Միակ եզրակացությունն այն է, որ մենք ապրել ենք մեծ ստի մեջ. իրար դեմ պայքարող փսեւդո ինտելեկտուալ ակտիվիզմն ու թղթե զորեղ իշխանությունը ամբողջությամբ ոչնչացած են։ Մեկը՝ 2018-ին հեռացվելով, մյուսը՝ հենց այս պահին բարոյական եւ արժեքային տեսանկյունից։
Արժանի էինք իրար։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։