Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 23-ին «COP29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը գործարկվելու որեւէ հնարավորություն չի ունենա, եթե այն չքննարկվի Բաքվի հետ։
«Նրանք այն անվանում են «Խաղաղության խաչմերուկ»։ Սակայն որպեսզի այն դառնա խաղաղության խաչմերուկը, նախ պետք է մեզ հետ պայմանավորվեն։ Որովհետեւ եթե Ադրբեջանը չհամաձայնի սրան, դա կլինի ընդամենը թղթի կտոր կամ հայտարարություն։ Առանց մեզ հետ պայմանավորվածության՝ սա բոլորովին անօգուտ է։ Ցավոք, նրանք փորձում են դա քննարկել տարածաշրջանից շատ, շատ հեռու գտնվող տարբեր երկրների հետ, բայց երբ բանը հասնում է դրան, նրանք չեն ցանկանում դա քննարկել մեզ հետ»,-ասել է Ալիեւը։
Ադրբեջանի նախագահը «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականցման հնարավորությունը կապել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գոյության հետ՝ նշելով, որ հայկական կողմը հստակ եւ հետեւողական պետք է լինի այդ հարցում, քանի որ սորագրվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։
«Մեր դիրքորոշումը շատ պարզ է. Եռակողմ հռչակագիրը պետք է հարգվի, եւ ցամաքային Ադրբեջանից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն Հայաստանի տարածքով ցամաքային մուտքը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության եւ անվտանգության մեխանիզմի միջոցով։ Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով չեն ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասեն։ Բայց կրկնում են, դա ստորագրել են իրենք ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը»,-ասել է Ալիեւը։