Պետք է պայմանավորվել այնպիսի սահմանի շուրջ, որն անվտանգ եւ հարմար կլինի թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 23-ին անցկացված «COP29 եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ սահմանի սահմանազատման գործընթացը ունի որոշակի բարդություններ, որոնք կապված են հիմնականում ճանապարհների եւ անվտանգության խնդիրների հետ, որից ելնելով էլ պետք է իրականացվի հետագա գործընթացը։
«Իհարկե, սահմանը պետք է սահմանազատել սկզբունքներից ելնելով։ Բայց միեւնույն ժամանակ այս սահմանի հատվածներ կան, որոնք խնդիրներ են ստեղծում երկու կողմերի համար։ Սա վերաբերում է ճանապարհներին, երբեմն անվտանգության խնդիրներին, միմյանց տարածքի խորության տեսանելիությանը։ Այսպիսով, մենք պետք է ստեղծագործ լինենք այս հարցում: Մենք չպետք է պնդենք մեկ հստակ կետի վրա եւ կուրորեն հետեւենք դրան: Ոչ, մենք հիմք ենք ընդունում այս սահմանագիծը, բայց պետք է խելամիտ լինենք եւ պայմանավորվենք այնպիսի սահմանի շուրջ, որը կլինի անվտանգ եւ հարմար երկու կողմերի համար»,-նշել է Ալիեւը։
Նրա խոսքերով այժմ հայ-ադրբեջանական սահմանի 10-12 կիլոմետրն արդեն սահմանազատված կարելի է համարել
«Կարծում եմ, որ մեր պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրն արդեն կարելի է սահմանազատված համարել։ Սա կարեւոր կետ է, եւ պատահական չէ, որ շատ տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրներ արդեն իսկ իրենց աջակցությունն են հայտնել դրան։ Կտեսնենք, թե ինչպես կշարունակվի այս գործընթացը։ Ինչպես արդեն ասել եմ, երկու կողմերն էլ կառուցողականություն են դրսեւորել։ Երկու կողմերն էլ հասկանում են այս հարցի զգայունությունը եւ միեւնույն ժամանակ հավատարմությունը միջազգային իրավունքին»,-ասել է Ադրբեջանի նախագահը