Ռուսաստանն ու Ուկրաինան առաջին անգամ դեմ առ դեմ բանակցություններ են վարել պատերազմի պատճառով տեղահանված երեխաների վերադարձի հարցի շուրջ։ Հանդիպումը կայացել է Դոհայում՝ Քաթարի միջնորդությամբ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։
Նրա խոսքով՝ արդեն կազմված ցուցակների համաձայն Ռուսաստանից Ուկրաինա կգա 29 երեխա, իսկ Ռուսաստան՝ 19։
Կիեւը պնդում է, որ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո օկուպացված տարածքներից ավելի քան 19 հազար երեխա է տեղափոխվել ռուսական տարածք։ Լվովա-Բելովան այս տեղեկությունը կեղծ է անվանել։
Հունվարին Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը հայտնել էր, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ուկրաինա է վերադարձել 517 երեխա եւ 2828 մեծահասակ։ 2023 թվականի դեկտեմբերին Մարիա Լվովա-Բելովան հայտարարել էր, որ բոլոր այն երեխաները, ովքեր 2022 թվականի աշնանը ռազմաճակատի գծի փոփոխության պատճառով հայտնվել էին ռուսական կողմի մոտ, վերադարձել են իրենց ընտանիքներ։
Վերջին անգամ Ռուսաստանի օմբուդսմենը երեխաներին ուկրաինական ընտանիքներ տեղափոխելու մասին հայտնել է 2024 թվականի մարտի 21-ին։ Այդ ժամանակ Ուկրաինա տեղափոխվել էր հինգ երեխա է, իսկ մեկը՝ Ռուսաստան։
Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրում են պատերազմի սկսվելու ցհետո գրավյալ տարածքներից երեխաների զանգվածային դեպորտացիայի մեջ։ Ռուսական իշխանությունները պնդում են, որ երեխաներին ոչ թե դեպորտացիայի են ենթարկել, այլ տարհանել են սպառնացող վտանգի պատճառով։
2023 թվականի մարտին Հաագայի միջազգային քրեական դատարանը ձերբակալության օրդեր է տվել Մարիա Լվովա-Բելովային եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրանց «պատասխանատու համարելով ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար՝ կապված Ուկրաինայից երեխաների անօրինական դեպորտացիայի հետ»։ Ռուսաստանը չի ճանաչում այս դատարանի իրավասությունը։