Լեհաստանի տարածքում ՆԱՏՕ-ի երկրների միջուկային օբյեկտների մշտական տեղակայման դեպքում Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան։ Այս մասին TACC-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«ՆԱՏՕ-ի համատեղ միջուկային առաքելությունների պրակտիկայի ընդլայնումը, անկախ նրանից թե որ երկիրը կամ երկրները կմիանան այդ արդեն գոյություն ունեցող պրակտիկային, կրում է խորը ապակայունացնող բնույթ։ Իսկ փաստացի սպառնացող բնույթ»,-ասել է Ռյաբկովը։
Դիվանագետը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների համատեղ միջուկային առաքելությունների մոտեցումը Ռուսաստանի սահմաններին ավելի է սրում Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված սպառնալիքները։
«Էլ չեմ խոսում մշտական տեղակայման մասին, ինչի մասին խոսում են նաեւ Վարշավայի տաք գլուխները։ Ուստի բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր նրանց պատճառով հիմա ոգեւորությամբ քննարկում են Լեհաստանում եւ դրա սահմաններից դուրս նման սխեման, պետք է հասկանան. այս ուղղությամբ տեղաշարժերը Լեհաստանի անվտանգությունը չեն ապահովի, եւ համապատասխան օբյեկտները անպայման թիրախ կդառնան։ Իսկ մեր ռազմական պլանավորման մեջ դրանք կլինեն առաջին պլանում»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Փոխարտգործնախարարը Լեհաստանում ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտների տեղակայման մասին քննարկումն անվանել է «զարգացող պատմություն»։ Նա ընդգծել է, որ Մոսկվան հետեւում է, թե ինչպես են Լեհաստանի գործադիր իշխանության տարբեր մասեր, իրենց ներքին դիսկուրսում աշխատում այս թեմայի շուրջ։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Fakt թերթին տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանի իշխանությունները բազմիցս քննարկել են Միացյալ Նահանգների հետ ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման ծրագրի շրջանակներում հանրապետության տարածքում միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը եւ պատրաստակամություն հայտնել անել դա, եթե անհրաժեշտ լինի։