Հունգարիան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատմանն ուղղված քայլերը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Բաքվում գտնվող Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն՝ հավելելով, որ Հունգարիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջեւ խաղաղության վերականգնմանը։
«Հունգարիան պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ բարգավաճման վերականգնմանը, ինչպես նաեւ Ղարաբաղի ականազերծմանը»,-ասել է Սիյարտոն։
Հունգարիայի արտգործնախարար նաեւ անդրադարձել է Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների զարգացմանը՝ առանձնակի նշանակություն տալով էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցությունը։
«Մենք սկսել ենք բնական գազի մատակարարման հետ կապված աշխատանքները։ Ադրբեջանից Հունգարիա է ուղարկվել 1,5 մլն խմ բնական գազ։ Սա արդյունավետ համագործակցություն է։ Հունգարիան մտադիր է ավելացնել Ադրբեջանից գազի մատակարարումները։ Ադրբեջանական նավթը նույնպես կդառնա Հունգարիայի էներգետիկ հատվածի անբաժանելի մասը»,-ասել է Սիյարտոն։