Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու մասին բանաձեւի նախագիծը, որը մշակվել էր ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի կողմից։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքէջում։
Բանաձեւին աջակցել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մասնակցող 15 երկրներից 13-ը։ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
Բանաձեւի նախագծում ասվում էր, որ միջուկային պայթյունը կամ տիեզերքում զանգվածային ոչնչացման ցանկացած այլ զենքի կիրառումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ բոլոր երկրների համար։ Հեղինակները նաեւ կոչ են արել չմշակել միջուկային զենք կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքեր, որոնք նախատեսված են Երկրի շուրջ՝ ուղեծրում տեղադրելու համար։
Փաստաթուղթը նաեւ կոչ է անում «ակտիվորեն խթանել տիեզերքի խաղաղ օգտագործման նպատակին եւ կանխել տիեզերական տարածությունում սպառազինությունների մրցավազքը»:
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քվեարկությունից առաջ ասել է, որ փաստաթուղթն ուղղված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների պառակտման խորացմանը։ Ռուսաստանն ու Չինաստանն առաջարկել են ուղղում մտցնել, որով բոլոր երկրներին կոչ կանեին «ընդմիշտ կանխել տիեզերքում զենքի տեղադրումը եւ տիեզերական տարածության մեջ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը»:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ռուսաստանը վետո է դրել բանաձեւի վրա, քանի որ իրենց «առաջարկած հիմնարար փոփոխություններն անտեսվել են»։