Մոսկվան ափսոսում է, որ Երեւանը շարունակում է հրապարակայնորեն քննադատել ՀԱՊԿ-ին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ցավում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություններ հնչեցնել։ Եվ ոչ միայն քննադատություն, քննադատել կարելի է, բայց [քննադատությունը] դա անհիմն է։ Դա այն դեպքում, երբ կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է հանրապետության նկատմամբ բոլոր պարտավորությունների պահպանումը ՀԱՊԿ կանոնադրական նպատակներին եւ սկզբունքներին լիովին համապատասխան»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքերով ոչ ոք կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքը մտնում է ՀԱՊԿ պատասխանտվության գոտու մեջ, սակայն ՀԱՊԿ-ը մեղավոր չէ երբ Երեւանը որոշել է «որոշ բնակավայրեր փոխանցել Ադրբեջանին»։
«Հայ-ադրբեջանական սահմանի պարագայում, ինչպես հասկանում ենք, եւ՛ Բաքվում, եւ՛ Երեւանում համաձայնել են առաջնորդվել Ալմա Աթիի հռչակագրով: Հայաստանի ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը եւ նաեւ խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց Հայաստանի ղեկավարությունն է որոշել մի շարք բնակավայրեր Ադրբեջանին փոխանցել, թե՞ այստեղ էլ է ՀԱՊԿ-ը մեղավոր»,-ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։