Թյուրքական աշխարհը համերաշխ է Ադրբեջանի հետ «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում։ Այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը՝ հավելելով, որ «այս գծի բացումը կամրապնդի տարածաշրջանում խաղաղությունը»։
Նրա խոսքերով աշխարհում ընթացող բոլոր հակամարտություններն ուղղակի ազդեցություն ունեն թյուրքական աշխարհի վրա, եւ թյուրքական երկրների տնտեսական ասպարեզում միջպետական համագործակցությունը կարող է խաղաղություն բերել տարբեր տարածաշրջանների։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցը լուծված է, եւ այժմ ընթանում է երկրների միջեւ գործընթացների հաջորդ փուլը։ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրներն ունեն լայն տնտեսական ներուժ։ Այն քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք այս ներուժը գործնականում կիրառելով, զգալի հնարավորություններ կստեղծեն՝ խթանելու համաշխարհային խաղաղությունը»,-ասել է Օքթայը։