Հայաստանն ու Ադրբեջանը 44 օրյա պատերազմի, Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիայի եւ ուժով պարտադրվող խաղաղության պայմանագրի բանակցությունների ֆորմատում բախվել են միջազգային հարաբերություններում տարածված «Անվտանգության երկընտրանքի» (դիլեմայի)՝ ֆենոմենին։
Դա մի իրավիճակ է, երբ Ադրբեջանի՝ սեփական անվտանգության ապահովման համար ձեռնարկված գործողությունները հանգեցնում են ՀՀ անվտանգության ու պաշտպանական համակարգի անկայունության աճին ու վախերին՝ առաջ բերելով արդարացված հակազդեցություն:
Այդ իրավիճակի հիմքը փոխադարձ անվստահության մթնոլորտն է՝ վախերի առկայությունն ու երաշխիքների բացակայությանը։ Ավելին, Ադրբեջանի գործողությունները՝ օկուպացիան եւ տարածքային պահանջները, իրական վտանգ են ՀՀ ինքնիշխանության ու անվտանգության համար։
Ադրբեջանը դա հիմնավորում է ՀՀ հանդեպ անվստահությամբ, ՀՀ կողմից ստատուս քվոյի պահպանման փորձերով, խաղաղության պայմանագրի առկախմամբ ու հակադիր իրավական պահանջներով։ Արդյունքում, Հայաստանը հարկադրված է ավելացնելու իր ռազմական ծախսերն ու պաշտպանական կարողությունները՝ անվտանգության ոլորտում սեփական հակամիջոցներ ստեղծելու, ուժային բալանսը վերականգնելու համար։
Ադրբեջանը, սակայն, էլ ավելի է ռազմականացվում, էլ ավելի է ուժային գործողությունների ու շանտաժի գնում՝ ձգտելով պրոցեսներն արագացնել, ուժով ՀՀ-ին իր պահաջները թելադրել եւ հասնել հաղթողի «խաղաղության»։ Ստացվում է փոխադարձ ակցիա/ռեակցիա, գործողությունների ցիկլիկ փակ շղթա, որոնք կարող են հանգեցնել լարվածության եւ հակամարտության հետագա սրման՝ նույնիսկ եթե կողմերից ոչ մեկն ի սկզբանե դա չէր ցանկանում:
Փակուղի եւ խոստումներով զիջումներ
Անվտանգության դիլեման առաջանում է, երբ կողմերի ռեսուրսները եւ ուժերն անհամադրելի են։ Դրան զուգահեռվում է անարխիան միջազգային հարաբերություններում, երբ գոյություն չունի համընդհանուր մարմին՝ կանոններ հաստատելու կամ վեճերը լուծելու համար։ Արդյունքում, պետությունները ապավինում են ուժային լուծումներին՝ սեփական անվտանգության օրակարգերն իրացնելու համար:
Վստահության բացակայությունը հանգեցնում է այնպիսի գործողությունների, երբ դիմացի պետությունը առաջնորդվում է ամենավատ սցենարով՝ ըստ այդմ, պատրաստելով կանխարգելող ու զսպող քայլեր։ Այդպիսիք էին 2021-22 թվականներին Ադրբեջանի կողմից Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում առանցքային, սահմանային ռազմավարական դիրքերի գրավումը։
Այս ցիկլը հաճախ կոչվում է անվտանգության պարույր՝ փակ շղթա եւ համարվում է հակամարտ պետությունների միջեւ անվերջանալի բախումների բացատրություններից մեկը: Տերմինը ստեղծել է Ջոն Հերցը 1950 թվականին, իսկ անվտանգության երկընտրանքի տրամաբանությունը նկարագրել է Հերբերտ Բաթերֆիլդը:
Հայաստանն ու Ադրբեջանն այս փուլում գտնվում են նման փակուղային իրավիճակում։ Ալիեւն իր հայտարարություններով անընդհատ շեշտում է, որ չի վստահում ՀՀ իշխանությանը, որ ռազմավարական կարեւորության բարձունքները գրավել է իրեն ապահովագրելու համար, որ չի ճանաչում այդ տարածքների նկատմամբ ՀՀ ինքնիշխանությունն եւ, ընդհանրապես, այդ սահմանը համարում է պայմանական։
Դրան զուգահեռ, Հայաստանը ջախջախիչ պարտությունից հետո ստիպված է վերականգնել ռազմական բալանսը, գտնել նոր գործընկերներ տարածաշրջանում հավասարակշռությունը վերականգնելու համար, աշխատել Վաշինգտոնի ու Բրյուսելի հետ, վերազինվել հնդկական ու ֆրանսիական զենքերով, նոր դաշինքներ փնտրել՝ ապագայում պաշտպանվելու համար։
Եվ կրկին, շղթայի սկզբունքով Ադրբեջանն ագրեսիայի է դիմում, արագացնում պրոցեսները, վերստին ռազմական շանտաժի գնում շուտ «փակելու» այդ բացերն ու վերջնականապես լուծելու թնջուկները։
Իրավիճակի ողբերգականությունն այն է, որ բալանսը կողմերը հասկանում են յուրովի՝ ելնելով իրենց ներկա կարգավիճակից ու ապագայի վախերից։ Ադրբեջանի համար բալանսը՝ ՀՀ կապիտուլյացիան է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով՝ սահմանազատում եւ սահմանագծում Ադրբեջանի օրակարգով ու պայմաններով, հետ կանչ իրավական պահանջներից, արտատարածաշրջանային խաղացողների ներգրավվման հրաժարումով։
Կարճ ասած, նպատակն է ՀՀ-ից ստանալ տարածաշրջանային կիսամեռ մի գոյակցություն, որը շանս չի ունենա վերականգնվելու ու ապագա «գլխացավ» դառնալու։ Այդ պատճառով Ադրբեջանը հարկադրում է ՀՀ-ին զիջել իր դիրքերը ավելի բարենպաստ Տավուշում, հայտարարելով թե ընդունում է Ալմա-Աթայի հռչակագիրը, բայց չի վերադարձնում ՀՀ օկուպացված տարածքները Սյունիքում՝ անվանելով դրանք պայմանական։
Ի վերջո, ստանում ենք պատերազմի սպառնալիքով ուժային դելիմիտացիա։ Անհիմն՝ առանց խաղաղության պայմանագրի ու դրա օրակարգի հաստատման։ Նախ, Ադրբեջանը հարկադրում է զիջել ՀՀ հյուսիսային սահմանը Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով, բայց չի ճանաչում նույն փաստաթուղթը ՀՀ հարավի նկատմամբ։
Ավելին, Գրիգորյան-Մուստաֆաեւ փոխվարչապետերի հանդիպման արդյունքների մասին հրապարկված հաղորդագրության մեջ հատուկ կետ են մտցնում. «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին)»։
Ուշադրություն դարձրեք այդ կետի փակագծերում առնված չարագուշակ տեքստին։ ՀՀ իշխանությունների տարփողած Ալմա-Աթայի հռչակագիրն էլ կարող է փոխարինվել «այլ կարգավորումներով», իսկ «այլ կարգավորումները» տվյալ պարագայում ՀՀ հարավում են՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում ու դիրքերում։
Նպատակը պարզ է, հաշվարկելով որ ՀՀ-ն կարող է գնալ ռեւանշիզմի, որ անվտանգության դիլեման իրական է, փորձել որքան հնարավոր է ամրապնդվել ՀՀ սահմանի ռազմավարական դիրքերում՝ հետագա բանակցությունների եւ ուժային սպառնալիքի համադրմամբ դրանք դարձնելով փաստացի սահման ու շրջանցել Ալմա-Աթայի հռչակագիրը։
Չէ՞ որ քարտեզների հարցը որոշված չէ, չկա խաղաղության պայմանագիր, չկա դրանում ամրագրված սահմանագծման ու սահմանազատման գործընթաց, չկան հաստատված քարտեզներ, կան միայն տեղային լուծումներ՝ անորոշ հեռանկարով։
Արդյունքում, Հայաստանը զիջում է՝ ոչինչ չստանալով, ավելի ճիշտ՝ չստանալով պատերազմ կամ ստանալով ժամանակավոր անվտանգային դադար՝ զուտ քաղաքական եւ առօրյա շահից ելնելով։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։