Եվրախորհրդարանը հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի նախաձեռնման հետ կապված Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բանաձեւին։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները չպետք է սկսվեն, քանի դեռ Վրաստանում գործում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։
Եվրախորհրդարանը նաեւ կոչ է անում պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, ինչպես նաեւ ազատ արձակել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին։ Բացի ադ, «Վրացական երազանք»-ին առաջարկվել է հետ կանչել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով ամուսնությունը սահմանվում է որպես «մեկ գենետիկ տղամարդու եւ մեկ գենետիկ կնոջ միություն», քանի որ դրանք խախտում են LGBT անձանց իրավունքները։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 425, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30 պատգամավոր։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը նախատեսում է Վրաստանում ռուսականի օրինակով «օտարերկրյա գործակալների» ռեգիստրի ստեղծում։ Դրանում կներառվեն այն ոչ առեւտրային կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց տարեկան եկամտի ավելի քան 20%-ը ստացվում է օտարերկրյա ֆինանսավորումից։ Նման ՀԿ-ները եւ լրատվամիջոցները պետք է ներկայացնեն տարեկան ֆինանսական հայտարարագիր: Խախտման համար նրանց սպառնում է մոտ 25 հազար լարի (մոտ 9,5 հազար դոլար) տուգանք։
«Վրացական երազանք» եւ «Ժողովրդական ուժ» կուսակցությունները փորձել են այն հաստատել դեռեւս 2023 թվականին, սակայն օրինագիծն ի վերջո հետ է կանչվել զանգվածային բողոքի ակցիաների պատճառով: 2024 թվականի ապրիլի 17-ին, այնուամենայնիվ, այն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վետո դնել օրենքի վրա, եթե այն վերջնականապես ընդունվի խորհրդարանի երրորդ ընթերցմամբ։