ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ հանդիպմանը մտահոգություն է հայտնել Ռուսաստանին Չինաստանից ցուցաբերվող աջակցության շուրջ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարությունը։
Նա նշել է, որ Բլինկենի մտահոգությունը վերաբերում է «ՉԺՀ-ի աջակցությունը ռուսական պաշտպանական արդյունաբերական բազային»։ Իր չինացի գործընկերոջ հետ հանդիպմանը Բլինկենը նաեւ ընդգծել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության պահպանման կարեւորությունը։
«Այսօր ես բովանդակալից հանդիպում ունեցա [Չինաստանի արտաքին գործերի նախարար] Վան Յիի հետ։ Որպես մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու մեր ջանքերի մի մաս, մենք քննարկեցինք այն ոլորտները, որտեղ ունենք տարաձայնություններ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, ինչպիսիք են թմրանյութերի դեմ պայքարը, որտեղ կարող ենք զարգացնել առաջընթացը՝ օգուտներ բերելու մեր երկու ժողովուրդների համար»,-X-ի իր էջում գրել գրել էր ԱՄՆ պետքարտուղարը։
I had an in-depth and substantive meeting today with People’s Republic of China Director Wang Yi. As part of our effort to responsibly manage competition, we discussed areas of difference, in addition to areas of shared interest — like counternarcotics — where we can build on… pic.twitter.com/uGkTh6FPqz
— Secretary Antony Blinken (@SecBlinken) April 26, 2024
Մինչ բանակցությունների մեկնարկը, Բլինկենը ասել էր, որ չինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում փորձելու են շարունակել քննարկումները այն թեմաների շուրջ, որոնց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը անդրադարձել էին նախորդ տարվա նոյեմբերին Սան Ֆրանցիսկոյում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնում է AFP-ն, պետքարտուղարը ապրիլի 26-ին Պեկինում կհանդիպի նաեւ Սի Ցզինպինի հետ։