«Քաղաքակրթությունների դաշինքի» հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչ եւ Իսպանիայի նախկին արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը կարծիք է հայտնել, որ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի պես մի բան է վերապրում՝ մշտական հակամարտություններով։
«Մենք ապրում ենք մի պահ, երբ պետք է փորձել անել ամեն բան, որպեսզի կանխվի աշխարհի փլուզումը։ Մենք հրաժարվել ենք խաղաղության մասին ելույթներից եւ դրանք փոխարինել ենք անվտանգության մասին ելույթներով։ […] Կարծես, երրորդ համաշխարհային պատերազմի պես մի բանի մեջ լինենք»,-Մադրիդում ընթացած համաժողովի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բարձր ներկայացուցիչը եւ հավելել, որ ներկա պահին կատարվելիք կարեւոր քայլը «ՄԱԿ-ի ուժեղ ժողովրդավարաեցումն է»։
Մորատինոսը կարծում է, որ միակ ճակատամարտը, որին արժե մասնակցել եւ պայքարել, դա «խաղաղության համար մղվող պայքարն է»։
«Մենք բոլորս ասում ենք, եւ ես նույնպես համաձայն եմ, որ մենք պետք է փրկենք մոլորակը, բայց ես նաեւ պնդում եմ, որ մենք պետք է փրկենք մարդկությունը»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։