ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանին մեղադրել է Ռուսաստանի Դաշնությունը այնպիսի երկակի նշանակության ապրանքներ մատակարարելու մեջ, որոնք ունակ են ուժեղացնել Մոսկվայի ռազմարդյունաբերական համալիրը։ Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պետքարտուղարը ընդգծել է, որ Վաշինգտոնը համապատասխան միջոցներ կձեռնարկի, եթե նման գործողությունները շարունակվեն։
«Այս ամսվա սկզբին ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ G7-ի մեր գործընկերների հետ իմ հանդիպումների ժամանակ ես լսեցի միեւնույն ուղերձը․ Ռուսական ռազմարդյունաբերական համալիրի սնուցումը սպառնում է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Եվրոպայի անվտանգությանը»,-ասել է Բլինկենը։
Պետքարտուղարը նշել է, որ Պեկինը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ՝ միեւնույն ժամանակ աջակցելով Սառը պատերազմի ավարտից ի վեր եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքին։
«Ինչպես մենք ասել ենք Չինաստանին, անդրատլանտյան անվտանգության ապահովումը ԱՄՆ-ի առանցքային շահերից մեկն է: Այսօրվա մեր քննարկումների ժամանակ ես հասկացրեցի, որ եթե Չինաստանը չլուծի այս խնդիրը, ապա մենք այն կլուծենք»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ չհստակեցնելով, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել Վաշինգտոնը Պեկինի դեմ։