Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Աշտիանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու Մոսկվայի պատրաստակամության մասին։
«Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը մեր երկարամյա բարեկամական հարաբերությունների վառ օրինակն է։ Վերջերս դրանք հատկապես վստահելի են դարձել եւ հաջողությամբ զարգանում են։ Շփումների ինտենսիվությունը բազմապատկվել է՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ռազմական գերատեսչությունների ղեկավարության մակարդակով»,-Աստանայում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների համաժողովի շրջանականերում իրանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ասել է Շոյգուն։
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի Ռուսաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը միշտ եղել է «դինամիկ եւ բազմակողմանի»։
«Սա պահանջում է ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը եւ մեր պետություններին սպառնացող վտանգները, ինչպես նաեւ միջազգային հանրության բոլոր մասնակիցների իրավահավասարության վրա հիմնված արդար աշխարհակարգ կառուցելու ընդհանուր մոտեցումները»,-ասել է Շոյգուն։