Ավելի քան երկու տասնամյակ Հայաստանում տարփողվում էր այն գաղափարը, թե ինչը վատ է Թուրքիայի ու Ադրբեջանի համար, լավ է մեզ համար (կամ՝ հակառակը)։
Ոչմիթիզականության, շրջափակման ու պատերազմի արդյունքում ստացած հարվածներից հետո «խաղաղության դարաշրջան» շտապող Հայաստանում այսօր նույն բանն է տարփողվում, պարզապես Թուրքիայի ու Ադրբեջանի փոխարեն հիմա Ռուսաստանն է։
Այս տրամաբանությունը բացառում է շահերի համադրության ու համագործակցության որեւէ հնարավորություն։ «Արմտամետ-ռուսամետ» վտանգավոր բաժանումով ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որն արգելում է անգամ քննարկել սուր անկյունները հարթելու տարբերակներ։ Փոխարենն անբովանդակ աղմուկի մեջ խլացվում է բուն հարցը։
Իսկ բուն հարցը վերաբերում է կոմունիկացիաների վերահսկողությանը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով Հայաստանը պարտավորվել է Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապող ճանապարհ տալ՝ ՌԴ վերահսկողությամբ։
Փաշինյանն ու իր քարոզչամեքենան փորձում են հանրությանը համոզել, թե քանի որ այդ հայտարարության մյուս բոլոր կետերը խախտվել են, Արցախը հայաթափվել է, ուրեմն՝ փակվել է նաեւ վերոնշյալ տրանսպորտային կապի թեման։ Սակայն վերջինս ոչ թե ինչ-որ նախադասություն է, որ վերանա թղթի հետ, այլ կոնկրետ շահերի եւ ուժային բալանսի արտահայտություն։ Քանի դեռ այդ շահերն ու բալանսը չեն փոխվել, կոմունիկացիաների վերահսկողության հարցից խուսափել հնարավոր չէ։
Հենց խնդրի նման ֆորմալ ընկալումն է 2020-ի պատերազմից հետո է՛լ ավելի ծանրացրել Հայաստանի վիճակը։ Սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանի առաջխաղացումը, որոնց հաջորդել է եռակողմ հայտարարություններն «ամբողջական իրականացնելու» ՌԴ կոչը, հենց Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի ապահովման նպատակով մեծացող ճնշման արտահայտություն են։
Փաշինյանը, սակայն, նախընտրեց ոչ թե լուծում գտնել առկա իրողությունների պայմաններում, այլ զոհաբերել Արցախը՝ այն մտայնությամբ, որ եթե չկա Արցախ, չկա նաեւ վերոնշյալ հայտարարությունը, ուստիեւ՝ դրա 9-րդ կետը։
Երբ անգամ Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը շարունակեց խոսել «Զանգեզուրի միջանցքից», Փաշինյանը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Այն, որ ներկայացումից մոտ կես տարի անց տարածաշրջանի պետությունները, որոնք ենթադրյալ նախագծի մաս պետք է կազմեն, անգամ չեն էլ դիտարկում դա, ցույց է տալիս, որ ծրագրի հանրայնացմանը շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ չեն նախորդել, եւ այն հրապարակվել է ոչ թե դրանում հռչակված, այլ՝ բոլորովին այլ նպատակով։
Սրան հաջորդեց արդեն առաջարկը, թե ինչ պայմաններով Իրանն է Ադրբեջանին Նախիջեւանի հետ կապող ճանապարհ տալիս, նույն պայմաններով էլ Հայաստանն է պատրաստ տալ։ Այս մոտեցումը եւս, շրջանցում է բուն հարցը. ճանապարհի վերահսկողությունը։
Ադրբեջանը «խաղաղության խաչմերուկը» որակել է «թղթի անիմաստ կտոր» ու սահմանել ապաշրջափակման գին. «Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, Հայաստանի հետ սահմանը որեւէ այլ կետում չի բացվի»։
Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով։ Ռուսաստանը «տրամաբանական» է համարում Մեղրիի երկաթուղու վերահսկողությունն իրեն հանձնելը՝ ընդգծելով, որ Փաշինյանի ներկայացրած «խաղաղության խաչմերուկը» դրան այլընտրանք չէ եւ շարունակում է պնդել «եռակողմ համաձայնագրերի ամբողջական իրականացում»։
Եվրոմիությունը, որին շատ հարցերում սկսել է ապավինել հայրենի կառավարությունը, նույնպես ապաշրջափակման մասին խոսելիս հատուկ ընդգծում է «Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջեւանի հետ» ապահովելու անհրաժեշտությունը՝ խորհուրդ տալով լուծում գտնել Ադրբեջանի հետ։
Տարածաշրջանում Արեւմուտքի ներգրավվածությանը դեմ են արտահայտվում բոլորը (ՌԴ, Իրան, Թուրքիա, Ադրբեջան)։ Այս պայմաններում, ակնհայտ է, որ ճանապարհի հարցում Հայաստանի որդեգրած ներկա դիրքորոշումը (այն պարբերաբար փոխվում է) չի բերելու ապաշրջափակման, ավելին՝ ճնշումը միայն ավելանալու է։
Կոմունիկացիաների բացմամբ շահարգիռ ուժերից ոչ մեկը դրանց վերահսկողությունը զուտ Հայաստանին թողնել չի ցանկանում։ Մեր կառավարությունն ինքը երկրում ստեղծեց այնպիսի մթնոլորտ, որում տանելի ելքն արդեն անընկալելի է դարձնում դրան գնալու որոշումը։ Սա չափազանց վտանգավոր է, որովհետեւ սահմանափակում է մանեւրելու հնարավորությունները։
Տարածաշրջանի բոլոր խոշոր խաղացողների հետ առճակատման տրամաբանությունն ամենեւին էլ խաղաղ հեռանկար չի ուրվագծում։ Մեր ընտրությունը պետության վերջնական հյուծման եւ տարածաշրջանային ուժերի հետ շահերի համադրմամբ լուծումների գնալու միջեւ է, լուծումներ, որոնք ակնհայտորեն այնքան էլ մեր երազածը չեն լինելու։
Այնինչ իշխանությունն ու քարոզչամիջոցները փորձում են հանրությանը համոզել, թե իրականում մեր ընտրությունը Ռուսաստանի նման «հետամնաց» լինելու կամ Եվրոպայի նման «պայծառ ու անհոգ» կյանք ունենալու միջեւ է։ Սա շատ նման է արցախյան հիմնահարցի կարգավորման ոչմիթիզական մատուցմանը, որը տպավորություն էր ստեղծում, թե ընտրությունը «հողերը տալու» եւ Բաքու հասնելու միջեւ է։ Ոչմիթիզական այդ անմտությունը կործանեց Արցախն ու ծանրագույն կացության մեջ դրեց երկիրը։ Նույն քայլերն անելով տարբեր արդյունք ակնկալելու որեւէ հիմք չունենք։
Վարչապետը, որի գործողությունների արդյունքում երկրի ինքնիշխանության մակարդակն այնքան է իջել, որ այլ երկրներ համարձակվում են սահմանադրության ու զինանշանի փոփոխության հարց դնել, ակնկալում է, որ տարածաշրջանը կապաշրջափակվի, եւ կոմունիկացիաները կդրվեն Հայաստանի լիակատար վերահսկողության տակ։
Իշխանությունը պարտավոր է հաշվի նստել իրողությունների հետ, այլապես ստացվում է, որ մեր ժողովրդի հետ արտաքին ուժերն ավելի ազնիվ են, քան սեփական կառավարությունը։
Ռաֆայել Թեյմուրազյան