-Ի՞նչ կա։
-Խառը-մառը։
-Խառը-մառը ո՞րն ա, հեն «Բուկ» — ումը ականազերծում են անում։
-Լո՞ւրջ։
-Բան եմ ասում, ասում ա՝ լո՞ւրջ։
-Ասեցին՝ ոնց որ հինգ պոստ առաջ են էկել։
-Էդ Նոյեմբերյանի կողմն ա։
-Էնքան իրարամերժ բաներ են ասում, եթե աչքովս չտենամ, է՛լ ոչ մեկին չեմ հավատում։ Իմ արեւ՝ չեմ հավատում։
-Ես էլ չեմ հավատում։
-Ախպե՛ր, մարդ կա, նոր ինձ ասում ա՝ մենակ մոստն (կամուրջ) են տալիս, դեսը չեն գա․․․
Կիրանցում վերջին օրերին միայն նման զրույցներ են՝ ճշգրտող հարցեր, թե գյուղից ինչ տարածքներ Ադրբեջանին կմնան, եթե սահմանազատման գործընթացն, այնուամենայնիվ, կայանա։ «Բուկ»-ը, տեղացիների լեզվով, հայկական դիրքերից մեկն է, որից թշնամու հեռավորությունը երկու կիլոմետրից էլ քիչ է։ Իսկ ականազերծումն այս օրերին անվտանգությանը հավասարազոր բառ չէ այլեւս։ Ականները հանելը նշանակում է՝ թշնամին առաջ է գալու։
«Մենք տալու ոչինչ չունենք, պայքարում ենք, որ մի մետր հող չտանք։ Գիշերները խարույկի մոտ նստած լուսացրել եմ, շնչահեղձ եմ լինում արդեն, բայց հանուն իմ հողի, իմ էրեխու վաղվա օրվա եմ անում»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչ Նունեն։
Արդեն մեկ շաբաթ է՝ համախմբման կոչեր են հնչում Կիրանցից։ Այստեղ ապրողներն ուզում են՝ իրենց պայքարին ավելի շատ մարդիկ միանան բոլոր բնակավայրերից եւ օգնեն կասեցնելու անօրինական մի գործընթաց, որով Տավուշից, հետո էլ մյուս մարզերից են նոր տարածքներ հանձնվելու Ադրբեջանին։
Ասում են՝ ոչ թե մի քանի տան, մի գյուղի կամ մի քանի հարյուր մետր ճանապարհի, այլ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հարցն է դրված, որը գործող իշխանությունն ակնհայտորեն լուծում է հօգուտ թշնամի երկրի։
«Կադաստրի տված երեսունից ավելի անձնագիր գցել են սայթերը, որ բոլորը կարդան, տեսնեն, որ կադաստրային քարտեզով դրանք մերն են։ Կադաստրը չէր կարա Ադրբեջանի տարածքում ինչ-որ մեկին հող տա։ Մեկը վարելահող է, մյուսը՝ տնամերձ, մեկը՝ պատրաստի տուն։ Բայց Երեւանում նստած՝ ասում են՝ դե, թուրքի հողն ա, ու տալիս են թուրքին», — ասում է նախկին զինվորական, Կիրանցի բնակիչներից մեկը, որ չի ցանկանում ներկայանալ։
«Էստեղ ծնվել, մեծացել եմ, ինչքան հիշում եմ՝ թուրքը ճամփից էս կողմ հող չի ունեցել, բայց էսօր չորս հատ տուն մեջն ա ընկնում, էդ ո՞նց հասկանանք։ Ո՞վ գծեց էդ սահմանը, քարտեզը։ Եթե թուրքի գյուղը գոյություն ա ունեցել մեր գյուղից հետո, մերը էղել ա, նոր թուրքի գյուղն ա առաջացել, իսկ էսօր թազա քարտեզով մեր տները, գերեզմանը, յոթերորդ դարի եկեղեցին մեջն են ընկնում, էդ Ալիեւն ա գծու՞մ, թե՞ ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին,–խմբ.)», — ասում է 60-ամյա Լեռնիկ Նազարյանը։
Դեռ 1990–ականներին Տավուշի ինքնապաշտպանությանը մասնակցած պահեստազորի սպան կարծում է, որ միայն ժողովրդի ինքնաբուխ շարժումը հարցի լուծում չէ․ իշխանությունը փաստաթուղթը ստորագրել, սահմանազատումը արդեն սկսել է, հիմա էլ հային են հայի դեմ հանում։
«Հեսա կբերեն չոռնի, կրասնի (սեւբերետավորներ, կարմիրբերետավորներ,–խմբ), մենք էլ զինված չենք, համ էլ՝ հայը հային ո՞նց կարա խփի։ Եթե մեր ղեկավարը ղեկավար ըլներ, մենք կարայինք իրանց (Ադրբեջանին – հեղ․) հակահարված տանք։ Բայց գնացել, ստորագրել ա, նա էլ պահանջում ա, ասում ա՝ ստորագրել ես, ասել ես՝ տալու եմ․․․ հիմի էլ տալիս ա մարդը։ Թուրքը գալու ա, կանգնի, ժողովուրդն էլ կուչ էկած ապրելու ա մինչեւ վերջ։ Մինչեւ ոչնչանան էս կեղտերը։ Մեր մեջի կեղտերը պիտի մաքրվեն»,- վրդովմունքով ասում է Լեռնիկ Նազարյանը։
Սահմանազատման դեմ պայքարող բնակիչներից ոմանք էլ չեն դադարում կրկնել, որ իրենց ուզածը ոչ թե իշխանափոխություն է, այլ անօրինական գործընթացի կասեցում, եւ դժգոհում են, թե իրենց պահանջn այլ կերպ է ներկայացվում։
Մինչդեռ տավուշյան շարժմանը սատարող քաղաքական, հասարակական տարբեր կառույցների եւ նախաձեռնությունների ներկայացուցիչներ իրավիճակից ելքը միայն իշխանափոխությամբ են տեսնում․ ժողովուրդը պետք է գիտակցի, որ անօրինական այդ գործընթացը գործող իշխանության ձեռամբ է իրականացվում։
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը թվարկում է բոլոր այն վտանգները, որոնց առջեւ կանգնելու է ժողովուրդը սահմանազատումից հետո՝ անկախ նրանից, թե Հայաստանի որ հատվածում է բնակվում։
«Վաղը անկլավներն են վերցնելու, հետո ասեն՝ խաղաղությո՞ւն եք ուզում, ուրեմն էն տարածքները, գյուղերը, որտեղ մեր բնակչությունը ապրել ա ժամանակին, պետք ա հիմա էլ գան, ապրեն։ Ու բերելու են Մասիսում, Գեղարքունիքում եւ այլն, ադրբեջանցիներ բնակեցնեն, ինչից հետո տեղծվելու են ազգամիջյան կոնֆլիկտներ, հենց իրենք են ստեղծելու։ Եվ Ադրբեջանը հայտարարելու է՝ ես խաղաղության գնացի, ուղարկեցի իմ ժողովրդին էնտեղ, բայց նրանց հալածում են։ Դրա համար ես սկսում եմ հատուկ օպերացիա՝ գրավելով Երեւանը եւ այլ տարածքներ․․․»:
Կիրանցում պայքարի իններորդ օրն է։ Մարզերից ու մայրաքաղաքից ամեն օր նոր մարդիկ են միանում։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։