Ապրիլի 25-ին Ադրբեջան է այցելել Կիրգիզիայի նախագահ Ժապարովը: Կիրգիզիան եւ Ադրբեջանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են:
Կենտրոնական Ասիան փորձում է հաղթահարել Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ «ներփակված տարածաշրջանի» բարդույթը, Բաքուն դեպի Եվրոպա նրա ելքի դուռն է: Ի՞նչ կստացվի, կստացվի՝ մեծ քաղաքականության խնդիր է:
Ժապարովի Բաքու այցն ունեցավ մշակութային-քաղաքակրթական համերաշխության դրսեւորում. Ադրբեջանի մայրաքաղաքում բացվեց Չինգիզ Այթմատովի հուշարձանը, Կիրգիզիայի նախագահը մասնակցեց Աղդամում դպրոցական շենքի հիմնարկեքի արարողությանը: Դա, ինչպես ձեւակերպեց նախագահ Ժապարովը, Կիրգիզիայի նվերն է «կոնֆլիկտից տուժած մարդկանց»:
Ե՞րբ է հայերեն թարգմանվել-հրատարակվել Չինգիզ Այթմատովին միութենական-համաշխարհային հռչակ բերած «Եւ դարից երկար ձգվում է օրը» վեպը՝ ստույգ չեմ հիշում: Տպավորվել է, որ վեպի բնաբան է ընտրված Նարեկացու «Մատյան ողբերգությունից» մի երկտող:
Ճշտելու համար դիմեցի գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի օգնությանը: Նա հաստատեց եւ ուղարկեց Այթմատովի վեպի առաջին էջի լուսանկարը: Ահա.
«Զոր գիրդ ընդ մարմնոյս
Եւ բանդ ընդ հոգույս»:
Կիրգիզ գրողն ինչո՞ւ է դիմել Նարեկացու օգնությանը, որպեսզի փոխանցի սպառազինությունների մրցավազքի, տիեզերական պատերազմի հեռանկարի տագնապները՝ գրականագիտության պարզելիքն է:
Արքմենիկ Նիկողոսյանի միջոցով ճշտեցի նաեւ երկրորդ տպավորությունս. Այթմատովի «Եւ դարից երկար ձգվում է օրը» վեպի առաջին գրախոսը Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր, գրականագետ Լեւոն Մկրտչյանն է եղել: Նա հաստատեց:
Դա Այթմատովին հղած բաց նամակ էր, եթե հիշողությունս չի դավաճանում՝ տպագրվել էր միութենական ամենահեղինակավոր «Լիտերատուրնայա գազետա» թերթում եւ սկսվում էր «Սիրելի Չինգիզ» բառերով: Այդպես գրում են մտերիմ մարդուն:
Մեկ օրինակն, անկասկած, հայ-կիրգիզական մշակութային, գեղարվեստա-քաղաքակրթական համերաշխության վկայություն չէ, բայց կարող է ու, թերեւս, պետք է սկզբնավորեր բարդ, դժվար, բայց անհրաժեշտ երկխոսություն: Իսկ դրա համար, երեւի, մենք պետք է պահեինք կամ կարողանայինք Այթմատովին պահել աշխարհընկալման նարեկացիական «տիրույթում»:
Որովհետեւ էթնիկ-քաղաքակրթական արմատների ինքնությանը տրվելու գայթակղությունն ավելի մեծ է: Մանավանդ որ Այթմատովը գորբաչովյան շրջանում կոչվել էր դիվանագիտական ծառայության, վերածվել, կարելի է ասել՝ «նոմենկլատուրային ֆիգուրայի»:
Ապրիլի 25-ին Իլհամ Ալիեւը հպարտացավ, որ նախկին խորհրդային հանրապետություններից Ադրբեջանը միակն է, որ Չինգիզ Այթմատովին «չի մոռացել»: Հատուկ ընդգծեց, որ նրան Բաքու է հրավիրել, տեւական առանձնազրույց ունեցել եւ պարգեւատրել «Բարեկամություն» շքանշանով:
Ալիեւը կարդացե՞լ է «Եւ դարից երկար ձգվում է օրը» վեպը, գիտե՞ր, որ բնաբանը Նարեկացուց է, որ հայ պրոֆեսոր Լեւոն Մկրտչյանը եւ կիրգիզ գրողը մտերիմ են եղել: Դժվար է իմանալ, բայց քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում: Մանավանդ ստույգ է, որ Ալիեւը տասնամյակներ շարունակ Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրներին Հայաստանի դեմ տեղեկատվա-քարոզչական պատերազմի է մղել:
Այթմատովի ադրբեջանական «յուրացումն» այս իմաստով Բաքվի քաղաքակրթական կռվանն է: Նրա հուշարձանը Բաքվում կանգնեցվել է որպես «թուրքախոս ժողովուրդների անխախտ եղբայրության խորհրդանիշ»: Մամուլը հենց այդպես էլ ներկայացրեց:
Եւ հիշվեց քառասունչորսօրյա պատերազմից առաջ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Հայաստանը: Դա փաստի արձանագրում էր, որ հրատապությունը չի կորցրել նաեւ այսօր, եթե ավելին չասվի: Չինգիզ Այթմատովն, իհարկե, Կիրգիզիայի քաղաքականության «արքետիպը» չէ, բայց այդ երկրի ինքնության արտաքին դրսեւորումներից թերեւս ամենաընկալելին է հետխորհրդային տարածքում:
Իսկ մենք պատմության կամ քաղաքական աշխարհագրության սահմանած տեղում ենք: Իրականության քաղաքական որեւէ վերացարկում՝ լինի դա Հաայստանի եվրոպական կամ միջերկրածովյան քաղաքակրթական ընտրություը, սկզբունքորեն անկատար է, եթե ապահովագրված չէ աշխարհաքաղաքական միջավայրի հանդուրժողականությամբ:
Այս իմաստով Չինգիզ Այթմատովի «կորուստը» մեր ինքնության իմունիտետի թուլացում է, ինքնամեկուսացում, որի հակառակ կողմը թուրքական համերաշխությունն է: Կարո՞ղ ենք «վերագնտնել մեր Այթամտովին» կամ գոնե Կիրգիզիային ներկայացնել նաեւ մեր Այթամատովին:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։