Ղազախստանի իշխանությունները, Ալմա Աթայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կազմակերպելիս, բանակցություններում չեն հանդես գալու որպես միջնորդ կողմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
«Այդպիսի բանակցություններր ծրագրված են մեզ մոտ՝ Ալմա Աթայում։ Մենք այժմ կապի մեջ ենք Ադրբեջանի եւ Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները անցկացվելու են բացառապես կողմերի միջեւ։ Ուզում եմ նշել, որ խոսքը Աստանայի միջնորդության մասին չէ, մենք տրամադրում ենք միայն բարի կամքի ծառայություններ, այսպես կոչված, good offices»,-ասել է Սմադիարովը։
ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ադրբեջան եւ Հայաստան կատարած իր վերջին այցերի ժամանակ նշել է երկրների միջեւ ամուր երկարաժամկետ խաղաղության հաստատման կարեւորությունը։ Տոկաեւը նաեւ հայտարարել էր Երեւանին եւ Բաքվին բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության մասին։