Թուրքիան իր աջակցությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիդեռլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի նշանակմանը։ Այս մասին հայտնում է նիդեռլանդական NOS հեռուստաալիքը եւ թուրքական Anadolu գործակալությունը։ Լրատվականները հղում են կատարում սեփական դիվանագիտական աղբյուրներին։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի մյուս անդամներին տեղեկացրել է, որ կաջակցի Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի թեկնածությունը դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում», — մեջբերում է Anadolu գործակալությունը աղբյուրների խոսքերը։
NOS-ն էլ նշել է, որ ապրիլի 26-ին Ստամբուլում Նիդեռլանդների վարչապետը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որից հետո վերջինս հայտարրաել էր, որ Անկարան ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ որոշում կկայացնի «ռազմավարական արդարության շրջանակներում»։
Լրատվականի փոխանցմամբ Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռ իր աջակցությունը չէր հայտնել Ռյուտեի թեկնածությանը: Հեռուստաալիքը հայտնում է, որ «Թուրքիայի հանձնառությունը կարեւոր քայլ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դառնալու Ռյուտեի ձգտումների համար»։
Այժմ նա պարզապես պետք է ստանա Հունգարիայի, Սլովակիայի եւ Ռումինիայի իշխանությունների աջակցությունը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու համար նրա թեկնածությունը պետք է միաձայն հաստատեն դաշինքի անդամ բոլոր 32 երկրները։ Ակնկալվում է, որ նոր գլխավոր քարտուղարի նշանակման մասին համատեղ որոշումը կընդունվի հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ոչ ուշ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Յանս Ստոլտենբերգի մանդատը ավարտվում է հոկտեմբերի 1-ին։