Տաջիկստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սեմյոն Գրիգորիեւը հրավիրվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան հանձնվել բողոքի նոտա՝ կապված Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի հանրապետությն քաղաքացիների «իրավունքների խախտման» հետ։ Այս մասին գրում է ռուսական TACC-ը՝ հղում կատարելով Տաջիկստանի դիվանագիտական գերատեսչությունից ստացված տեղեկատվությանը։
Ըստ լրատվականի տաջիկական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել հանրապետության քաղաքացիների նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի, ինչպես նաեւ նրանց իրավունքների ու ազատությունների խախտումների զանգվածային դեպքերի դրսեւորման շուրջ։
Նոտայի տեքստում նշվում է, որ «նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է տաջիկ-ռուսական հարաբերությունների ոգուն եւ ավանդույթներին»։
Ընդգծենք, որ «Վնուկովո» օդանավակայանի քաղաքացիների ժամանակավոր պահման գոտում ապրիլի 27-ի դրությամբ պահվել է Տաջիկստանի 954 քաղաքացի։
Տաջիկստանի տասնյակ քաղաքացիների պահման դեպքեր են նկատվել նաեւ Մոսկվայի այլ օդանավակայաններում՝ «Ժուկովսկիում», «Դոմոդեդովոյում» եւ «Շերեմետեւոյում»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի տարածք մուտք գործողների ավելի մանրակրկիտ ստուգումները ժամանակավոր են եւ իրականացվում են անկախ ազգությունից։ Նա ընդգծել է, որ «ռուսական կողմը հրատապ միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու համար»։