Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը հույս ունի, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կհամաձայնի Գազայի հատվածում հրադադարի մասին Իսրայելի առաջարկին։ Այս մասին նա հայտարարել է Ալ Ռիադում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ նիստի ժամանակ։
«Եկեք անկեղծ լինենք, ինձ թվում է, որ բավականին առատաձեռն առաջարկ ունենք՝ 40-օր շարունակվող զինադադարի վերաբերյալ, հազարավոր պաղեստինցի բանտարկյալներին ավելի քան 200 օր պահվող պատանդառվածների ազատ արձակման դիմաց։ Հուսով եմ՝ ՀԱՄԱՍ-ը կհամաձայնի այս գործարքին։ Եվ, անկեղծ ասած, ողջ համաշխարհային ճնշումը, ողջ համաշխարհային հանրության աչքերն այսօր պետք է ուղղված լինեն նրանց վրա, որպեսզի նրանք ընդունեն այս գործարքի պայմանները»,-ասել է Քեմերոնը։
Ավելի վաղ Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ին է փոխանցել իսրայելական կողմի հետ համաձայնեցված նախաձեռնությունը, որը ենթադրում է հրադադարի դիմաց Գազայի հատվածում պահվող 20-40 պատանդների ազատ արձակում։ Ակնկալվում է, որ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կժամանի Կահիրե՝ եգիպտական կողմին ներկայացնելու հրադադարի վերաբերյալ վերջին առաջարկի շուրջ իր պատասխանը։