Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել։ Առաջին հորիզոնականում է հայտնվել ոչ թե հանքարդյունաբերող կամ հանրային ծառայությունների ոլորտի ընկերություն, ինչպես եղել է երկար տարիներ, այլեւ՝ բջջային հեռախոսների եւ աքսեսուարների ներկրմամբ ու վերանորոգմամբ զբաղվող «Մոբայլ սենթրը»։
Ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 19,9 մլրդ դրամի հարկեր եւ տուրքեր այն դեպքում, երբ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 5,3 մլրդ դրամ։ Իսկ ավելի վաղ՝ 2022 թվականի հունվար-մարտին վճարել էր 1,3 մլրդ դրամից էլ քիչ։
Այսինքն՝ ընդամենը երկու տարվա ընթացքում՝ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ընկերությունը 15 անգամ ավելացրել է վճարած հարկերի չափը, բնականաբար նաեւ՝ առեւտուրն ու սեփականատերերի շահույթը։ Մամուլի հրապարակումների համաձայն «Մոբայլ սենթր»-ը պատկանում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, մինչդեռ Էլեկտրոնային ռեգիստրում առկա տեղեկությունների համաձայն այն գրանցված է ոմն Արթուր Պետրոսյանի անունով։
Եվ եթե պարբերաբար Ռուսաստանն արգելում է Հայաստանից ինչ-որ ապրանքների ներկրումը, դա երբեւէ չի վերաբերել բջջային հեռախոսներին։ Ժամանակ առ ժամանակ արգելել է տարբեր երկրներից Հայաստան ներկրված եւ Ռուսաստան վերաարտահանված լոլիկի, բանանի կամ մեր երկրում արտադրված կոնյակի եւ այլ ապրանքների մուտքը, հեռախոսները, սակայն, նման ճակատագրի չեն արժանացել։
Դա հավանաբար եղել է երկու գործոնի արդյունքում՝ նախ այդ ապրանքն իրենց հիմա շատ է անհրաժեշտ, քանի որ Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառում եւ անմիջական ներկրում թույլ չի տալիս, երկրորդը՝ միգուցե սեփականատիրոջ ով լինելն է դեր ունեցել։
Այդպիսով՝ Պետեկամուտների կոմիտեի «ՀՀ արտաքին առեւտուրը երկիր-ապրանք կտրվածքով» բաժնի տվյալների համաձայն, եթե 2022 թվականի առաջին երեք ամիսներին ներկրվել է մոտ 72 հազար հեռախոսային ապարատ, ապա 2023 թվականի նույն ամիսներին՝ ավելի քան 617 հազար հատ՝ ընդհանուր 214 մլն դոլար արժողությամբ։
Այս տարվա տվյալները դեռ չկան, բայց դատելով հարկերի շարունակական աճից՝ կարելի է ենթադրել, որ «Մոբայլ սենթրն» էլ ավելի շատ հեռախոսներ է ներկրել, հետո՝ վերարտահանել։ ՊԵԿ-ի տվյալները նաեւ ցույց են տալիս, որ անցած տարի այդ հեռախոսներն արտահանվել են թե՛ Ռուսաստան, թե՛ Բելոռուս։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ Բելոռուսն էլ է հայտնվել արեւմտյան երկրների պատժամիջոցների տակ։
Խոշոր հարկատուների հաջորդ անակնկալը նույնպես այս ոլորտից է՝ կենցաղային տեխնիկա ներմուծող «Փրիթի ուեյ» ընկերությունն է, բոլորիս հայտնի «Վեստան», որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 8,8 մլրդ դրամ եւ հայտնվել է հինգերորդ հորիզոնականում։ Վերջինս անցած տարի վճարել էր գրեթե նույնքան հարկ, բայց «Մոբայլ սենթրի» նման ռուս-ուկրաինական պատերազմից առաջ՝ 2022-ի առաջին եռամսյակին վճարել է անհամեմատ ցածր գումար՝ ընդամենը 501 մլն դրամ եւ զբաղեցրել է 109-րդ տեղը։ Ահա թե ռուս-ուկրաինական պատերազմն ինչպես է անդրադարձել տեխնիկական սարքեր ներկրող եւ դեպի Ռուսաստան ու Բելոռուս արտահանող ընկերությունների վրա։
Վիճակագրական ծառայությունը դեռ եռամսյակային ցուցանիշները չի հրապարակել, բայց հունվար-փետրվարի տվյալների համաձայն ներկրվել են 427 մլն դոլարի մեքենաներ եւ սարքավորումներ այն դեպում, երբ ուկրաինական պատերազմից առաջ՝ 2022 թվականի առաջին երկու ամիսներին այդ թիվն ընդամենը 9,4 մլն դոլար էր։
Ինչեւէ, ավանդաբար առաջին հորիզոնականը փոխատեղումներով զբաղեցրած «Գազպրոմ Արմենիան» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» այս անգամ գտնվում են երկրորդ եւ երրորդ տեղերում՝ վճարելով համապատասխանաբար 18,1 եւ 15,6 մլրդ դրամի հարկեր։ Ընդ որում այս երկուսն էլ նվազեցրել են իրենց վճարած հարկերը, առաջինը՝ շուրջ 2,8 մլրդ դրամով, երկրորդը՝ 140 մլն դրամով։
Չորրորդ խոշոր հարկատուն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 13,2 մլրդ դրամ։ Ի տարբերություն նախորդ երկուսի այս ընկերությունը վճարած հարկերն ավելացրել է ավելի քան 1,6 մլրդ դրամով։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 387 մլրդ 109 մլն դրամ հարկեր և տուրքեր։ Դա 2023-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.6%-ով։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։