Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշենի փայտաշեն դպրոցը երկրաշարժից հետո կառուցվել եւ երբեք չէր վերանորոգվել: Գյուղը փոքր է, աշակերտների թիվը՝ նույնպես. երկու տասնյակի չի հասնում: Բարեկարգ եւ տաք դպրոց ունենալը կրաշենցի երեխաների համար, գոնե մոտակա տարիներին, անհնար էր:
Դպրոցի նախկին տնօրեն Մարինե Սարգսյանը հիշում է, թե ինչպես են չորս տարի առաջ Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվո հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին դպրոցական միջոցառման հրավիրել: «Եկավ, մասնակցեց, հավանաբար զարմացավ, թե ինչպես ենք կարողացել անմխիթար պայմաններում լավ կրթություն ապահովել»: Պատվո հյուպատոսը հարցրել է` ինչով կարող է աջակցել դպրոցին: Մանկավարժներն առաջնահերթ տանիքի վերանորոգման հարց են բարձրացրել, որ կաթոցքից գիրք-տետրը չթրջվի:
«Նպատակ դրեցինք մեր առաջ, որ դպրոցը բարեկարգենք»,- ասում է Ալեքսան Տեր-Մինասյանը եւ ուրախությամբ փաստում, որ Ֆյուր Արմենիեն բարեգործական հիմնադրամի շուրջ համախմբվողների պակաս չեղավ: Կրաշենցի երեխաներին երազանքների դպրոց նվիրելու պատրաստակամություն հայտնեցին թե՛ անհատ բարերարներ, թե՛ կազմակերպություններ ինչպես Հյաստանից, այնպես էլ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից: Նախաձեռնությանը միացան նաեւ ՀՀ Կառավարությունը եւ Ախուրյան համայնքը:
Այսօր արդեն Կրաշենի դպրոցը հիմնանորոգված է ներս ու դրսից: Ամբողջությամբ փոխվել են սանհանգույցները, անցկացվել է ջրամատակարարման եւ լուսավորության նոր ցանց, հակահրդեհային արագ արձագանքման համակարգ, տեղադրվել է 10 կվտ հզորությամբ արեւային էլեկտրակայան, որն ամբողջությամբ լուծում է ջեռուցման հարցը:
«Եթե մոտ անցյալում Կրաշենի դպրոցում առանց վերարկուի հնարավոր չէր դասի նստել, այսօր սա ամենատաք դպրոցն է,-ասում է Տեր-Մինասյանն ու կես կատակ, կես լուրջ հավելում,- բարձագոչ չհնչի, բայց Հայաստանում լավագույն դպրոց լինելը մեզ չի բավարարում, նպատակ ունենք լավագույնը լինել ամբողջ աշխարհում»:
Կրաշենի հիմնական դպրոցի վերաբացումը գյուղում մեծ շուքով տոնեցին: Ներկա էին իշխանության ներկայացուցիչներ, բարերարներ, հյուրեր՝ Հայաստանից եւ Գերմանիայից:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինտրուպը կատարված աշխատանքները տեսնելով, ասաց. «Գերմանիայի համար շատ կարեւոր է Հայաստանին աջակցել տնտեսական, սոցիալական հարցերում, բայց առավել կարեւոր են կրթությունն ու մշակույթը»:
Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն էլ երախտիքի խոսք ուղղեց Գերամանիայի կառավարությանը, բարերարներին եւ պատվո հյուպատոսին: Նա կարեւորեց, որ ներդրումը եղել է փոքր գյուղում: «Առանց ձեր աջակցության մենք չէին կարող աշակերտների փոքր քանակ ունեցող դպրոցում մեծ ներդրումներ անել: Բարձր ենք գնահատում Գերմանիայի Դաշնության աջակցությունը, հույս հայտնում, որ այն շարունակական կլինի մեր այլ փոքր բնակավայրերում եւս»:
Դպրոցն այսօր բացի կրթականից, վերածվել է նաեւ զարգացման կենտրոնի: Կրաշենցիների համար արդեն սովորական է դարձել աշխարհահռչակ գերմանացի արվեստագետների այցը գյուղ: «Տեր-Մինասյանի մեքենան որ տեսնում ենք գյուղ մտնելիս, հասկանում ենք, որ կրկին անակնկալ հանդիպում պետք է ունենանք նկարիչների, խեցեգործների եւ այլ արվեստագետների հետ»,-ասում են կրաշենցիները:
Գյումրու Խորանարդ ինտելեկտուալ ակումբի նախագահ Սեյրան Մարտիրոսյանի հետ էլ են կրաշենցի երեխաները հասցրել բարեկամանալ: Ակումբը բացի զարգացման ծրագիրը մշակելու գործում աջակցելուց, ինտելեկտուլ խաղեր ու հանդիպումներ է անցկացնում դպրոցում: Գյուղից դուրս կայացող առաջնություններում էլ Կրաշենի աշակերտական թիմն իր խոսքն է ասում՝ հստակ տեղեր գրավում:
Կրաշենի դպրոցի վերաբացման հանդիսության ավարտին բակում այգի հիմնեցին, անվանական մրգատու ծառեր տնկեցին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։