Վրացական բանակի 33 ամյակի առիթով Վազիանիի ռազմաբազայում կազմակերպված միջոցառման ժամանակ միմյանց անուղղակի մեղադրող եւ հակադիր հայտարարություններով են հանդես եկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին եւ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Առաջինը ելույթով հանդես է եկել նախագահը ով հայտարարել է, որ այսօր «մութ ուժեր են աշխատում, որոնք փորձում են ծնկի բերել երկիրը» եւ պառակտել վրաց հասարակությանը՝ «էթնիկ հակամարտություններ եւ եղբայրների միջեւ ուղղակի պատերազմի ու օկուպացիայի միջոցով առճակատում հրահրելով»։
«30 տարի շարունակ այս երկիրն ու նրա հասարակությունը համախմբվել են մեկ նպատակի շուրջ․ եվրոպական տեսլականի՝ որպես մեր անկախության, ինքնիշխանության, հանդուրժողականության, ինքնության, բազմազանության, խաղաղության եւ զարգացման միակ ճանապարհի։ Այս միակ նպատակը նախկինում երբեք կասկածի տակ չի դրվել: Վրացական բանակը բոլորից լավ գիտի, թե ով է թշնամին եւ ով է բարերարը, ով փորձեց ոչնչացնել մեզ եւ ով օգնեց մեզ ստեղծել ժամանակակից պաշտպանական ուժեր»,-ասել է Զուրաբիշվիլին։
Նա հաջորդիվ ընդգծել է, որ պառակտում սերմանողները գործում են թե՛ իրենց երկրի, եւ թե՛ բանակի դեմ։
«Երկիրը գտնվում է խաչմերուկում եւ պետք է կատարի ամենաէկզիստենցիալ ընտրությունը՝ լինել-չլինել, քանի որ գոյությունն առանց ազատության գոյություն չէ»,-նշել է Վրաստանի նախագահը։
Զուրաբիշվիլիի ելույթին հաջորդել է երկրի վարչապետ Կոբախիձեի ելույթը, որտեղ նա ուղղակի քննադատության է ենթրակել նախագահին իր մտքերի համար։
«Ողջույնիս մեջ միտումնավոր չհիշատակեցի նախորդ խոսնակին եւ թույլ չեմ տա վրացական բանակի առաջ քաղաքական հայտարարություններ անել, որոնք լիովին անհամատեղելի կլինեն այսօրվա եւ նախագահի բարձր պաշտոնի հետ։ Սահմանադրության երդումը խախտելու եւ երկրին դավաճանելու համար բոլորը պատասխան են տալու Աստծո առաջ»,-հայտարարել է Կոբախիձեն։