Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկկողմ բանակցությունները ամենաարդյունավետն են փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Արաբական պետությունների լիգա-Կենտրոնական Ասիա-Ադրբեջանական Հանրապետություն տնտեսական ֆորումի եւ համագործակցության 3-րդ նիստում։
«Երկկողմ եւ ուղղակի խաղաղության բանակցությունները նախատեսված են Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ կայունության հաստատմանը, ինչպես նաեւ հանդիսանում են ամենաարդյունավետ եւ հաջող գիծը՝ փոխադարձ ընդունելի արդյունքների հասնելու առումով, ինչի մասին են վկայում սահմանազատման հանձնաժողովների միջեւ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները»,-Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդման համաձայն ասել է Բայրամովը։
Հաղորդվում է նաեւ, որ Համաժողովի արդյունքում ընդունվել է Դոհայի հռչակագիրը, որտեղ մասնակիցները աջակցություն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին։