Իսրայելի պաշտպանության բանակը ամեն դեպքում գործողություններ կանցկացնի Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, որը գտնվում է Եգիպտոսի հետ սահմանային շրջանում։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍի կողմից պատանդառված իսրայելացիների հարազատների հետ հանդիպմանը։
«Այն գաղափարը, որ մենք կդադարեցնենք պատերազմը, քանի դեռ դրա բոլոր նպատակները չեն իրականացվել, նույնիսկ չի էլ դիտարկվում։ Մենք մտնելու ենք Ռաֆահ եւ ոչնչացնելու ենք այնտեղ տեղակայված ՀԱՄԱՍ-ի գումարտակները»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն ընդգծել է, որ դա տեղի կունենա անկախ ՀԱՄԱՍ-ի հետ պատանդների ազատ արձակման շուրջ պայմանավորվածության ձեռք բերումից։ Նրա խոսքով՝ Ռաֆահում գործողությունն անհրաժեշտ է Իսրայելին ՀԱՄԱՍ-ի նկատմամբ «լիակատար հաղթանակի հասնելու համար»։
Ինչպես նշվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ, առեւանգվածների հարազատների հետ զրույցում Իսրայելի կառավարության ղեկավարը «լսել է պատերազմական նպատակներին հասնելու եւ միջազգային ճնշմանը դիմակայելու նրանց կոչը»։