Եթե Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք հիշատակվի խաղաղության պայմանագրի նախագծում, ապա կարելի է ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում։
Միրզոյանը ընդգծել է, որ Երեւանը հավատարիմ է խաղաղության ադրբեջանական կողմի հետ գործընթացին, եւ հավատում է, որ կա հարատեւ խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն՝ հիմնվելով կոնկրետ սկզբունքների վրա, օրինակ՝ տարածքային ամբողջականության ճանաչուման:
«Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն հավաստել են, եւ մենք մի քանի անգամ հաստատել ենք, որ երկրների միջեւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը պետք է տեղի ունենա եւ սահմանի հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Սա փաստաթուղթ է, որը ստորագրվել է նախկին Խորհրդային Միության տասնմեկ Սոցիալիստական Հանրապետությունների կողմից 1991 թվականին, եւ այս փաստաթղթում այդ հանրապետություններն արձանագրել են, որ Սոցիալիստական Հանրապետությունների միջեւ նախկին վարչական սահմաններն այժմ ճանաչվում են որպես արդեն անկախ պետությունների միջեւ միջազգայնորեն ճանաչված սահմաններ։ Ըստ էության, մենք ունենք սահման, փոխադարձորեն ճանաչված տարածքային ամբողջականություն եւ սահմանազատում հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա. սա նշանակում է, որ 1991 թվականին եղած սահմանները պետք է ներկայում վերարտադրվեն»,-նշել է Միրզոյանը։
Հայաստանի ԱԳ նախարարաը հաջորդիվ նշել է, որ սահմանազատման հարցերով զբաղվող կոմիտեի ղեկավարները, եկել են համաձայնության, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Միրզոյանը հավելել է, որ սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգում նույնպես պետք է հղում արվի Ալմա-Աթայի հռչակագրին:
«Սա սկզբունքներից մեկն է, եւ եթե մեզ հաջողվի հիշատակել Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման քաղաքական հիմք եւ որպես տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման քաղաքական հիմք խաղաղության պայմանագրի նախագծում, որի շուրջ մենք այժմ բանակցում ենք, ապա կարելի է ասել, որ շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը»,-ասել է Հայաստանի ԱԳ նախարարաը։