Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի եւ Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծման աշխատանքներ։ Այս մասին հայտարարում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդագրության տեքստում նշվում է, որ ականազերծումը իրականացվում է «պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար»:
Տեքստում նաեւ ընդգծվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու եւ նրանց անվտանգությունն ապահովելու համար: