Վրաստանի արեւմտյան կուրսը վտանգի տակ է։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի տարածած գրավոր հայտարարության տեքստում։
Դրանում նշվում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները հասկացրել են, որ օրենքի նպատակը քննադատական ձայները լռեցնել է եւ Վրաստանի կենսունակ քաղաքացիական հասարակության ոչնչացումը, որը ծառայում է որպես զսպիչ գործոն ցանկացած ժողովրդավարական կառավարության դեմ:
«Այս օրենքը եւ «Վրացական երազանքի» հակաարեւմտյան հռետորաբանությունը Վրաստանին կանգնեցրել են վտանգավոր ուղղու վրա։ Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, եւ դրանով իսկ վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում: Մեկնաբանությունները, որոնք սխալ են բնութագրում Վրաստանին արտաքին օգնությունը, որը մենք տրամադրել ենք 32 տարվա ընթացքում՝ ամրապնդելու Վրաստանի տնտեսությունը, ժողովրդավարությունը եւ ռուսական ագրեսիան զսպելու ունակությունը, էապես խաթարում են Վրաստանի կառավարության եւ ժողովրդի հետ մեր հաստատած ամուր հարաբերությունները»,-ասվում է հայտարարության տեքստում։
Հաջորդիվ անդրադարձ է կատարվում նախօրեին Թբիլիսիում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաները ցրելու կառավարության գործողություններին եւ ընդգծվում վրաց հասարակությանը Վաշինգտոնի աջակցության մասին։
«Մենք դատապարտում ենք խաղաղ ցույցերի, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության կիրառումը։ Խաղաղ հավաքները եւ խոսքի ազատությունը ճնշելու համար ուժի կիրառումն անընդունելի է, կոչ ենք անում իշխանություններին թույլ տալ ոչ բռնի ցույցերի մասնակիցներին շարունակել օգտվել արտահայտվելու ազատության իրենց իրավունքից»,-ասվում է Միլլերի հայտարարության տեքստում։
Ընդգծենք, որ Վրաստանի խորհրդարանում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ ընդունելուց հետո մայիսի 2-ի առավոտյան ժամը 5-ը շարունակվել են բողոքի ցույցերը։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջել են չեղարկել օրենքը, որը հասարակության ներսում ստացել է «ռուսական» անվանումը։ Հատուկ ջոկատայինները շենքի ծառայողական մուտքերի մոտ ցուցարարների դեմ կիրառել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Հաղորդվել է նաեւ ռետինե փամփուշտների կիրառման մասին։