Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ երկրում խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։ Այս մասին նա ասել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով իշխող «Վրացական երազանք» կուսկացության առաջարկած օրինագծի ընդունումը, դրա հետ կապված զանգվածային դժգոհությունները եւ Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաների ցրումը։
«Խնդիրը շատ ավելի մեծ է, քան այս օրինագիծը, որը կընդունվի մոտ մեկուկես ամսից։ Ես դրա վրա վետո կդնեմ, եւ այն կհետաձգվի։ Սակայն մեծ հարցն այն է, թե ինչ է լինելու հաջորդ հոկտեմբերին կայանալիք ընտրություններում։ Ընդունվել են բազմաթիվ օրինագծեր, որոնք ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունը փորձում է Վրաստանը մոտեցնել Ռուսաստանին։ Սա այն է, ինչ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը, 30 տարի շարունակ ասում է, որ չի ուզում»,-ասել է Զուրաբիշվիլին։
Մեկնաբանելով իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլի վերջին ելույթը, ով հանրությանը վստահեցրել էր, որ «Վրացական երազանքը» կշարունակի քարոզել օրենքը՝ չնայած երկրի ներսում եւ դրսում քննադատություններին, նախագահը նշել է, որ այս կերպ նա Վրաստանի արեւմտյան գործընկերներին հայտարարել է որպես «թշնամիներ եւ գործակալներ», որոնք փորձում են հեղափոխություն կազմակերպել երկրի ներսում։
«Այս օրենքը սիմվոլ է։ Այն իրականում ընտրություն է։ էքզիստենցիալ ընտրություն, որը պետք է անի Վրաստանը ընտրություններում՝ այն է, Եվրոպա, թե՞ Ռուսաստան»,-ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի երկրորդ ընթերցմամբ հաստատմանը կողմ է քվեարկել 83, դեմ՝ 23 պատգամավոր։