Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան սպասվող այցի ընթացքում կքննարկի միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսպես թե այնպես կնշվեն եւ շոշափվեն թե՛ միջազգային անվտանգության, թե՛ տարածաշրջանային անվտանգության հարցերը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք սպառազինությունների վերահսկման թեման մտնում է Պուտինի՝ Չինաստան այցի օրակարգում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ակտիվությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
Ապրիլի 26-ին Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ ավարտվում են Ռուսաստանի նախագահի՝ Չինաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները։ Ապրիլի 25-ին Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության համագումարում Պուտինը հայտարարեց, որ իր այցը Չինաստան նախատեսված է մայիսին։