Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը The Economist պարբերականին տված հարցազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելը։
«Ինչպես ասել եմ, ես ոչինչ չեմ բացառում, քանի որ մենք պայքարում ենք այնպիսի մեկի հետ, ով ոչինչ չի բացառում։ Մենք, իհարկե, չափից շատ էինք կասկածում մեր գործողությունների սահմանները սահմանելիս»,- ասել է Մակրոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարին։
Նախագահի խոսքով, «շատ երկրներ» պաշտպանել են Փարիզի այս մոտեցումը եւ համաձայնել նրա դիրքորոշմանը։
«Եթե ռուսները ճեղքեին առաջնագիծը, եթե Ուկրաինայից խնդրանք լիներ, ինչը այսօր այդպես չէ, մենք օրինական պատճառներ կունենայինք ինքներս մեզ այս հարցը տալու [զորքեր ուղարկելու մասին]», — ասել է Ֆրանսիայի նախագահը եւ հաջորդիվ հավելել․ «Դեռ 2022 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք բացառեցինք տանկերի, հեռահար հրթիռների եւ ռազմական ինքնաթիռների ուղարկումը։ Մենք հիմա անում ենք այդ ամենը, ուստի մնացածը բացառելը սխալ կլինի»։
Ֆրանսիայի ղեկավարը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ արեւմտյան մոտ 20 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Փարիզում կայացած հանդիպմանը քննարկվել էր Ուկրաինա ցամաքային զորքերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով, մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեին հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։